Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է Մանուկ Սարգսյանի գործի դատական քննությունը:
2012 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 13-ի սահմաններում 32-ամյա Մանուկ Սարգսյանն իր անձնական օգտագործման «Լադա պրիորա» մակնիշի ավտոմեքենայով իր ընկերուհուն ուղեկցել է մինչև վերջինիս շենքի բակ: Մեքենան կանգնել է բակում: Հենց այդ պահին Մանուկը լսել է, որ մեքենայի մոտ կանգնած Վրեժ Հարությունյանը հայհոյում է:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Մանուկը անմիջապես իջել է մեքենայից, հայհոյելու պատճառով վիճաբանել է Վրեժի հետ, բռունցքով հարվածել, ու ինքն էլ նրան է հայհոյել:
Բակում գտնվողների միջամտությամբ վեճը դադարեցվել է:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Մանուկը չի համակերպվել «ստեղծված իրավիճակի»՝ իր ընկերուհու և իր ներկայությամբ, իր մեքենայի կողքին Վրեժի հայհոյելու հանգամանքի հետ:
Նույն օրը, ժամը 17-ին նա մի խումբ անհայտ մնացած անձանց հետ վերադարձել է հիշյալ շենքի բակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել բնակիչների նկատմամբ, շուրջ հինգ րոպե հայհոյել Վրեժին ու նրա ընտանիքի անդամներին, միաժամանակ ձեռքին եղած առարկաներով դիտավորությամբ վնասել է Վրեժի եղբոր՝ այդ պահին բակում կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի ու հետևի ապակիները և ծածկոցը: Խուլիգանությունը խափանվել է բնակիչների միջամտությամբ:
Մանուկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:









































