Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի կայացրած որոշման բարդությունը, անկասկած, միայն այն չէ, որ Եվրոպայում և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհում Հայաստանը ձեռք է բերել անկանխատեսելի և անվստահելի գործընկերոջ համբավ, ու նաև, ըստ էության, կասեցվել է Հայաստանի զարգացման համար կարևոր մի գործընթացի՝ Եվրամիության հետ ասոցացման ընթացքը:
Սա, իհարկե, առաջնային հարվածն է, որ ստանում է Հայաստանը Մաքսային «օկուպացիայի» արդյունքում: Սակայն այս ամենը իր հետ բերում է շատ ծանր մեկ այլ մարտահրավեր, որը կապված է Հայաստանի անվտանգության հետ, առաջին հերթին՝ ղարաբաղյան մասով: Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանը, իր մաքսային որոշմամբ հանդերձ, Եվրոպայում փաստորեն իր իսկ ձեռքով պարարտ հող է ստեղծել ադրբեջանական լոբբիի գործունեության համար: Ադրբեջանական նավթային լոբբին կամ, ինչպես ասվում է հաճախ, «խավիարային դիվանագիտությունը» վերջին տարիներին Եվրոպայում քայլել է բավական համարձակ և ինքնավստահ՝ նվաճելով բավական լայն տարածքներ: Բավական է հիշել, թե քանի-քանի անգամներ են Եվրոպայի կառույցներում հայտնվել փաստաթղթեր՝ մեղմ ասած, ոչ հայանպաստ ձևակերպումներով:
Իհարկե, այս նախաձեռնությունների առայժմ քիչ մասն է իրականություն դարձել, ընդունվել վերջնականորեն, սակայն միտումները, մեղմ ասած, մտահոգիչ են եղել: Այդ միտումները կանխարգելելու, ադրբեջանական լոբբիի եվրոպական հաղթարշավը կանխելու հարցում մեծ դեր ուներ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման գործընթացը, որ Հայաստանը վարում էր վերջին երեք տարիներին: Սակայն երբ այսօր Հայաստանն իր իսկ ձեռքով մեծ հարված է հասցնում այս գործընթացին՝ կասկածի տակ դնելով ամեն ինչ, սա հիանալի առիթ է ադրբեջանական նավթադոլարների հաղթարշավին նոր շունչ, երկրորդ շնչառություն հաղորդելու համար: Եվ կասկած չկա, որ Բաքուն այս առիթը որևէ կերպ բաց չի թողնի:
Եվրոպայում Հայաստանի հանդեպ դրական տրամադրված խմբերի և անհատների համար այս իրավիճակում, իհարկե, շատ դժվար կլինի որևէ բան ասել մաքսային «պայթյունից» հետո: Այսինքն՝ Հայաստանը այս տեսանկյունից ուղղակիորեն կատարել է ադրբեջանական լոբբիի համար գրեթե երանելի մի քայլ: Եվ եթե սրան գումարենք նաև այն, որ Մաքսային միությունում բոլոր երեք հանրապետությունները՝ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, սերտ քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ են Բաքվի հետ, հանդիսանալով զենքի մատակարարման առաջամարտիկներ, ապա ըստ էության ստացվում է, որ Հայաստանն ինքն իրեն դրել է ադրբեջանական «աքցանի» մեջ՝ Ղարաբաղն էլ հետը:
Այս իրավիճակում Սերժ Սարգսյանի փորձերը՝ ՀԱՊԿ անդամներից «որոշների» քաղաքականության վերաբերյալ դիտողություններ անելու, իրականում սրտի մխիթարանք են, քանի որ այլևս զրկված են քաղաքական հենքից կամ կշռից; Նման փորձերը արժեք ունեին 2012-ի դեկտեմբերին, սակայն ոչ՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո: Սա նման է կռիվը տանուլ տալուց հետո բռունցքները թափ տալուն:
Իհարկե, նման դեպքում էլ հաջողության հույսեր կարող են լինել, բայց արդեն պատահական հաջողության, թե՝ բռունցքը կարող է օդում հանկարծ ինչ-որ նպատակի հասնել:








































