Քիմիական զենքի հարցերով ՄԱԿ-ի փորձագետների խումբն այսօր վերադարձել է Դամասկոս՝ հայտնում է France Presse գործակալությունը:
Տեսուչներն առավոտյան Բեյրութ են ժամանել, որտեղից «ՄԱԿ» նշագրմամբ 3 մեքենաներ նրանց տեղափոխել են Դամասկոսի Four Seasons հյուրանոց:
Շվեդ պրոֆեսոր Օկե Սելստրոմի գլխավորած խումբը Սիրիայում է եղել օգոստոսի երկրորդ կեսին՝ հետաքննելու Հալեպ և Իդլիբ նահանգներում քիմիական զենքի կիրառման մասին հայտարարությունը: Սակայն օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին հաղորդագրությունից հետո փորձագետներն ուղևորվել էին այնտեղ, այնուհետև լքել երկիրը՝ զեկույց պատրաստելու համար: Նրանք հաստատել էին, որ Դամասկոսի մոտ զարին գազ էր կիրառվել:
Գործակալության փոխանցմամբ՝ այս անգամ նրանք պետք է ուսումնասիրեն երկրում քիմիական զենքի կիրառման 13 կամ 14 հնարավոր դեպքերը: Ավելի վաղ Սելստրոմը գործակալությանը հայտնել էր, որ վերջնական զեկույցը կարող է ներկայացվել հոկտեմբերի վերջին: Առաքելությունը մեղավորներին պարզելու նպատակ չի հետապնդում:











































