Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները արդեն բացել են Երևան-Վարդենիս-Արցախ ճանապարհը և հիմա գյուղապետարանում գյուղապետի, ջրային տնտեսության, մարզպետարանի աշխատակիցների հետ քննարկում են խնդրի լուծման հնարավոր եղանակները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աստղաձորի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը:
«Տեղում քննարկում ենք խնդիրը, տեսնենք՝ ինչ կարող ենք անել: Պետք է հարցին հրատապ լուծում տալ, բայց ինչպես մեր մեծերն էին ասում. «Մինչև բարակ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»: Մինչև ջուրը հասնի գյուղացուն, բույսը կչորանա»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը կողմնակից չի եղել ճանապարհ փակելուն, բայց չի էլ կարող մեղադրել գյուղացուն: «Ես ինձ թույլ չտվեցի գնալ նրանց հետ, քանի որ ժողովուրդը որ դուրս է գալիս փողոց, կատաղած ամբոխ է դառնում, և շատ ժամանակ անկառավարելի բաներ է անում: Մի քանի անգամ հանդարտեցրել եմ մարդկանց, բայց հիմա չգնացի: Ի՞նչ անեմ, ես նրանց չեմ էլ մեղադրում. ամբողջ տարին չարչարվում են էս սոզոնի համար, հիմա էլ իրենց չարչարանքը չորանում-գնում է»,- ասաց Խաչատրյանը:
Գյուղապետի խոսքով՝ հնարավոր է ջրի ծավալները ավելացնել, որ բոլոր համայնքներին էլ ջուր հասնի, բայց տեխնիկական հարցեր կան: Պետք է պոմպեր տեղադրվեն, բետոնապատում արվի, որ նոր ջրի լրացուցիչ ծավալներ բաց թողնվեն: «Չգիտեմ, հավանաբար հարակից գյուղերից պետք է ջուր վերցնել, որ բույսերը չչորանան, մինչև խնդրին վերջնական լուծում տրվի»,- ասաց գյուղապետը:

Մեր դիտարկմանը, թե նախօրեին Ազգային ժողովը հենց Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր վերցնելու հարցն էր քննարկում, դա չի՞ առնչվում Աստղաձորին, համայնքապետը արձագանքեց. «Աստղաձոր համայքնը Սևանա լճից վերցնում է 0.001 մմ ջուր ամբողջ տարվա համար: Այսինքն՝ մեր համայնքի համար Սևանից նույնիսկ 1 մմ ջուր չի հասնում: Օրական ավելի շատ ջուր գոլորշիանում է Սևանից, քան ամբողջ տարվա կտրվածքով տրվում է Աստղաձորին»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ իրենց համայնքը այն հազվագյուտ համյանքներից է, որտեղ անմշակ հողակտոր չես գտնի: Բոլոր հողերը մշակվում են, և հենց իրենց գյուղն է ապահովում Արցախի կարտոֆիլի հիմնական մասը, բայց այսօր, որ համայնքը ջրի խնդիր ունի, խնդրի լուծումն ուշանում է, և համապատասխան վերաբերմունք չկա:
«Ամբողջ Լեռնային Ղաաբաղի կարտոֆիլը մենք ենք տանում, մեր գյուղացիները: Ամբողջ տարին Աստղաձորն է ապահովում Արցախի կարտոֆիլը: Ապրիլյան պատերազմի օրերին անձամբ ես եմ 5 «Ֆորդ» մեքենա վարձել, կարտոֆիլ ու կաղամբ եմ տարել-հասցրել ժողովրդին: Մենք այդ կողմից էլ ենք մեր բարոյական նկարագիրը ցույց տվել: Հիմա որ էս խնդրի առաջ ենք կանգնել, չգիտեմ՝ ոնց պետք է լուծվի: Ժողովուդը մեղք է. թանկ գնով սերմացու է առել, ցանել, ու հիմա փաստի առաջ է կանգնել»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Աստղաձոր գյուղի բնակիչները փակել էին Երևան-Վարդենիս-Արցախ ճանապարհը և պահանջում էին ոռոգման ջուր մատակարարել: Գյուղացիները հայտարարում էին, որ մատակարարված ջրի ծավալները չեն բավականացնում, և 2500 բնակիչ ունեցող ամբողջ գյուղը մնացել է առանց ոռոգման ջրի, չեն հասցնում ջրել հողատարածքները, և բերքը փչանում է։











































