Ազատամարտիկները ստորագրահավաք են նախաձեռնել` ի պաշտպանություն արդեն մի քանի օր անազատության մեջ պահվող Վոլոդյա Ավետիսյանի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ ստորագրություններ են հավաքելու թե ԱԺ պատգամավորների, թե ազատամարտիկների շրջանում:
Վոլոդյա Ավետիսյանի ընկերները, գաղափարակիցները նրա նկատմամբ կատարվածը համարում են սադրանք, ազատամարտիկի վերջին ամիսների գործունեության հետևանք:
«Քաղաքացիական հագուստով երեք-չորս հոգի եկել են, երեկոյան ժամը 10-ին, երբ նա հանգստանում էր, խաբելով հանել են տնից, անգամ չեն ներկայացել, փաստաթուղթ չեն ներկայացրել, ասել են՝ խոսելու բան կա, հետո էլ, թե՝ այստեղ հարմար չի, իջեցրել են, բռնի ուժով տարել ՊՆ քննչական վարչություն. դա մարդու իրավունքների շատ կոպիտ խախտում է: Հաջորդ օրը միայն մենք քննիչից ճշտեցինք՝ որտեղ է նա, քննիչը զանգում, ասում է՝ այսինչ վայրում է»,- ասաց նա:
Մելիքբեկյանը կարծում է, որ սա վիրավորական, թշնամական մոտեցում է ՀՀ ժողովրդին, հայրենի հողը պաշտպանած ազատամարտիկի նկատմամբ:
ՄԻՊ գրասենյակի տարածած արտահայտությունը, ըստ ազատամարտիկի, Վոլոդյա Ավետիսյանը չի ասել, միտք էլ չունի ասելու, ավելին՝ առայսօր Ավետիսյանը որևէ բան ոչ ասել է, ոչ գրել:
Մելիքբեկյանն անդրադարձավ նաև ՊՆ տարածած տեղեկությանը, որում նշվում էր, թե Ավետիսյանը որոշակի գումար է վերցրել մի քաղաքացուց՝ խոստանալով նրա թոռանը ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
«Կառավարությունն ամեն միջոցի կդիմի՝ տվյալ քաղաքացուն բարոյազրկելու համար, այդ նպատակով նա կարող է ցանկացած «զենք» օգտագործել: Այսօր Վոլոդյա Ավետիսյանը դարձել է սոցիալական բանտարկյալ»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ավետիսյանի օրինակը դառնա նախադեպ, և վերջին շրջանում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած ազատամարտիկների ևս հետապնդեն, Մելիքբեկյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչի էլ սպասում ենք»:
Ավետիսյանի զինակից ընկեր, «Խաչակիր» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը Վոլոդյա Ավետիսյանին բնութագրեց որպես ազնիվ, նվիրյալ անձնավորություն, իսկ վերջինիս դեմ ներկայացվող մեղադրանքը՝ անհեթեթություն: Սարուխանյանը նշեց, որ Ավետիսյանն իր բարձրացրած հարցերով շատ ազատամարտիկների սրտերին էր դիպել:
«Այսօր ազատամարտիկների մեծ մասն իրոք սոցիալական ծանր վիճակում է, ոչ թե միջին: Շատ անատամ ու անհիմն մեղադրանք է առաջադրված նրա նկատմամբ: Մենք համոզված ենք, որ նա դուրս է գալու: Այսօրվա իշխանությունները քաղաքական իմպոտենտներ են: Մենք հարցը բարձրացրել ենք, բայց նրանք անզոր են լուծել այն»,- ասաց նա:
Գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանը, ով հատուկ մայրաքաղաք է եկել՝ սատարելու զինակից ընկերոջը, նշեց, որ Ավետիսյանին փորձ է արվում այլ լույսի ներքո ներկայացնել, մինչդեռ վերջինս հարգված և ամենուրեք սպասված անձնավորություն է: «Թուրքերին մեզ վրա ծիծաղել թող չտան: Ազատամարտիկը մնում է ազատամարտիկ: Մինչև վերջ պայքարելու ենք՝ ազատենք Վոլոդյային, որոշ մարդկանց էլ ապացուցենք, որ ազատամարտիկը խուժան չէ»,- ասաց նա:
Ազատամարտիկները երեք օր շարունակ նստացույց են անում՝ ի պաշտպանություն իրենց ընկերոջ:
Սեպտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը երկու ամսով կալանավորվել է: ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով նրանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար:
Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը և Արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը սեպտեմբերի 20-ին այցելել են ձերբակալվածների պահման վայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանին, ով նշել է, թե ձերբակալությունը կապ չունի վերջին շրջանում իր ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ, և հավաստիացրել է, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:








































