YouTube-ում հայտնվել է շատ օգտակար տեսանյութ, որը համացանցային հասարակությանը կօգնի լուծել հագուստին առնչվող մի քանի համատարած խնդիրներ:
Շատերին է հայտնի, որ մարզական կտորե կոշիկները լավ չեն լվացվում: Առաջարկվում է դրանք լվանալ սոդայի ու լվացքի փոշու խառնուրդով, ինչի շնորհիվ դրանք ուղղակի կփայլեն:
Խորհուրդ է տրվում արդուկելուց անմիջապես հետո հագուստը արագ կախել կախիչից, որպեսզի այն չհասցնի ծալքեր ընդունել:
Իսկ զուգագուլպան հնարավոր է վնասվելուց փրկել մինչ հագնելը դրա վրա մազի լաք փչելով: Եթե այն պատահաբար վնասվում է, ապա խորհուրդ է տրվում օգտագործել բոլորին քաջ ծանոթ միջոց՝ եղունգի թափանցիկ լաք:
Միջոց է առաջարկվում նաև ոտքերը սեղմող նոր կոշիկի դեմ: Պետք է ջուր լցնել տոպրակի մեջ, տոպրակը տեղավորել կոշիկում, և կոշիկը դնել սառցարանը: Ողջ գիշեր այնտեղ մնալուց հետո առավոտյան կոշիկը ոտքին կնստի այնպես, կարծես վաղուց հարմարված է եղել:
Մուգ գույնի ջինսերը որպեսզի լվանալուց չխամրեն, պետք է լվացքի մեքենայում փոքր-ինչ թորած քացախ ավելացնել:
Իսկ տաբատի՝ անընդհատ իջնող շղթայի համար առաջարկվում է շղթային գլխիկին՝ տաբատի կոճակի հատվածում, ամրացնել անգլիական քորոց:
Քաղցրավենիքից մնացած բծերի դեմ առաջարկվում է հագուստը լվանալուց առաջ բծերի վրա կիտրոնի հյութ լցնել: Ինչ վերաբերում է կարմիր գինու հետքերին՝ դրանց դեմ կարելի է պայքարել սպիտակ գինով, գազավորված ջրով, աղով: Արդյունքը նկատելի կլինի 24 ժամից:






































