Միջազգային հանրությունը պարտավոր է դիմակայել ապակառուցողական ուժերին, որոնք Սիրիայում գործող ահաբեկիչների շրջանից են: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա Սիրիայում ընթացող հակամարտությունն անվանել է «գլոբալ ծավալի հումանիտար աղետ»:
«Բռնության աճը սպառնում է ամբողջությամբ դատարկել երկրի տնտեսական և քաղաքական ապագան: Ծայրահեղականները ներխուժել են, որպեսզի էթնիկ և կրոնական տարաձայնություն սերմանեն: Իրադարձությունների նման զարգացումը ի վիճակի է փլուզել տարածաշրջանի վերածնունդը և վտանգի տակ դնել գլոբալ անվտանգությունը: Մենք պարտավոր ենք դիմակայել այդ ապակառուցողական ուժերին»,- ասել է նա:
Հորդանանի թագավորն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է շտապ հասնի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը, դադարեցնի բռնությունը և արյունահեղությունը, չեզոքացնի քիմիական զենքի վտանգը, վերականգնի անվտանգությունը և կայունությունը, պահպանի Սիրիայի միասնականությունը և տարածքային ամբողջականությունը:
Աբդալլահ 2-րդը ՄԱԿ անդամ երկրներին զգուշացրել է վտանգի մասին՝ կապված սիրիացի փախստականների հոսքի հետ: Նրա խոսքերով՝ Հորդանանը գնալով ավելի շատ բարդություններ է ունենում՝ կապված փախստականների տեղակայման հետ:
Նա նշել է, որ ներկայում սիրիացի փախստականները կազմում են երկրի բնակչության շուրջ 10%-ը, իսկ հաջորդ տարի ներկայիս միտումների պահպանման դեպքում ցուցանիշը կհասնի մինչև 20%-ի:









































