Երեկ Էդմոն Մարուքյանն ու Վահրամ Բաղդասարյանը փոխադարձաբար «երկուս» են նշանակել իշխանությանն ու ընդդիմությանը: Եթե ընդհանրացնենք պատկերը, ապա ստացվում է, որ մեր քաղաքական համակարգը «ծույլիկ» է: Հասարակության գնահատականը, իհարկե, մեծ հաշվով չի տարբերվում այն թվանշանից, ինչով մեր ընդդիմությունն ու իշխանությունը գնահատում են միմյանց, սակայն տարբերությունն այն է, որ իշխանությունը հասարակության «երկուսին» է արժանանում իր գործունեության, իսկ ընդդիմությունը` անկարողության համար:
Քաղաքական համակարգի ռացիոնալության հիմնական դրսևորումն օրակարգ ունենալն է: Դա այն չէ, որ իշխանությունն ամեն գնով փորձում է վերարտադրվել, իսկ ընդդիմությունն անխնա քննադատում կամ սևացնում է իշխանությանը: Օրակարգն աղերս պետք է ունենա երկրի զարգացման, հեռանկարի հետ, լինեն կոնցեպտուալ բանավեճեր, որոնց արդյունքում կայացվեն որակյալ որոշումներ:
90-ականների սկզբին, օրինակ, հիացմունքով կարելի էր հետևել Գերագույն խորհրդի նիստերին, որոնց ընթացքում կային քաղաքական և գաղափարական վեճեր: Դրանք գուցե մակերեսային էին, սակայն վերաբերում էին երկրի զարգացման հեռանկարին: Օրինակ, երբ քննարկվում էր Անկախության հռչակագիրը, կար բախում, որի մի կողմում 88-ի շարժման գաղափարների կրողներն էին, մյուս կողմում` այսպես կոչված, հայ ավանդական քաղաքական մտքի ջատագովները:
Հետագա տարիներին քննարկումներն ու բանավեճերն աստիճանաբար զրկվեցին քաղաքական բաղկացուցիչից, որովհետև, երբ իշխանությունն ընդդիմության մեջ տեսնում է «աբիժնիկություն», իսկ ընդդիմությունը համարում է, որ իշխանության ներկայացուցիչներն «արյուն ծծողներ» են, ապա հարաբերությունների նման համակարգում դժվար է քաղաքական բանավեճ ակնկալել:
Նույնիսկ 1997թ-ի վերջին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂ խնդրով հանդես եկավ ծավալուն հոդվածով, բանավեճ, ըստ էության, չծավալվեց, որովհետև չափազանց մեծ էր նախորդ տարվա վիճահարույց ընտրությունների աղմուկը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական օրակարգ առհասարակ չկար, որովհետև երկրորդ նախագահի իշխանությունն ամրապնդվում էր պալատական ինտրիգների ու դավադիր կրակոցների հետևանքով:
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին քաղաքական օրակարգի ձևավորման աղոտ հույս ծագեց, երբ ասպարեզ եկան հայ-թուրքական արձանագրությունները, սակայն քաղաքական համակարգն ակնհայտորեն պատրաստ չէր նման նշաձողի:
Հիմա մեր քաղաքական համակարգն իսկապես արժանի է «երկուս» գնահատականի, որովհետև 2018-ն ասոցացվում է ոչ թե նոր գաղափարների, կրեատիվ ծրագրերի, թեկուզև` նոր իշխանության և ընդդիմության, այլ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքի հետ, որը` եթե նույնիսկ ընտրություն է, ապա` ոչնչի միջև: Ընտրություն է, որը կապ չունի երկրի ու նրա հեռանկարի հետ:











































