Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է կանգնի ՄԱԿ-ի տրիբունալի առջև՝ սեփական երկրի քաղաքացիների դեմ բռնություններ գործելու համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով Ավստրալիայի արտաքին գործերի նախարարին:
Քևին Ռիդն ասել է, որ այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել 13-ամյա պատանու հետ, երբ նրան տանջելով սպանել են, Ասադին «օրենքից դուրս է դրել»: Սիրիայի իշխանություններն ասել են, որ պատրաստ են քննություն անցկացնել պատանու սպանության հարցով:
Իրավապաշտպանները նշում են, որ անվտանգության ուժերի կողմից ձերբակալված պատանին տանջամահ է արվել նրանց կողմից: Իշխանությունները պնդում են, որ պատանին սպանվել է ցույցի ժամանակ՝ հրազենից։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարարն առաջարկել է, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննի Միջազգային քրեական դատարանին Ասադին հանձնելու հարցը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ պատանու սպանությունը վկայում է «իշխանությունների խլության մասին», որոնք չեն լսում իրենց ժողովրդի ձայնը:








































