2016 թվականին Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է արտահանումը ԵԱՏՄ երկրներ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան՝ հանդես գալով Երևանում ընթացող «Հայաստանի Հանրապետություն. Երկու տարի ԵԱՏՄ-ում. առաջին արդյունքները» խորագրով կլոր սեղանի ժամանակ:
Նա առաջնահերթ ընդգծել է Հայաստանի դիրքերի ամրապնդումը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում։
Տատյանա Վալովայայի խոսքով՝ Հայաստանն այս տարեսկզբի դրությամբ արդյունաբերական արտադրանքի տեմպերով առաջատարն է եղել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 13 տոկոս աճ:
«Սրանք բարձր ցուցանիշներ են, որոնք հնարավոր են դարձել միայն Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտք գործելու և դեպի մեծ շուկա հասանելիություն ստանալու շնորհիվ: Վիճակագրությունը լավն է, սակայն սպասելիքներն ավելին էին, դրա համար էլ ուզում ենք անկեղծ խոսել կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ինչ է ստացվել, ինչ չի ստացվել, ինչ պետք է անենք, որ Հայաստանն ավելի արագ հարմարվի ԵԱՏՄ-ին»,- ասաց նա։









































