Հայաստանի համար ռազմական ուժերի արդիականացումը կարևոր հիմնախնդիր է, և այստեղ ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր խաղալ. Երևանում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկմանն այսպես ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«ՆԱՏՕ-ն հուսալի գործընկեր է, նրա նպատակն է ապահովել խաղաղություն և կայունություն»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի դեպքում չկա հակասություն ՀԱՊԿ-ին անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջև:
«Մենք ոչինչ չենք պարտադրում: Համագործակցությունը Հայաստանի հետ խիստ թափանցիկ է»,- ասաց նա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցում է բանակ-հասարակություն կապի ամրապնդման, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում:
Դեսպանը քննարկման ժամանակ նաև առաջարկեց, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին ևս քննարկման հրավիրեն և պարզեն, թե ինչ վերաբերմունք ունի ՌԴ-ն Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերաբերյալ:









































