Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է «Օվկիանոսային վահան» (Ocean Shield) հակածովահենային օպերացիայում ուկրաինական կողմի մասնակցության վերաբերյալ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև համաձայնագրի վավերացման մասին օրենք՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով պետության ղեկավարի կայքին:
Երկրի Գերագույն ռադան վավերացրել էր համաձայնագիրը սեպտեմբերի 19-ին: Ըստ համաձայնագրի՝ Կիևը կտրամադրի «Գեթման Սագայդաչնիյ» ֆրեգատ, Ka-27 ուղղաթիռ և հատուկ ջոկատայինների խումբ:
Ուկրաինայի ՊՆ տվյալներով՝ երեքշաբթի ֆրեգատը դուրս կգա Սևաստոպոլի նավահանգստից՝ Սոմալիի ափերի մոտ «Օվկիանոսային վահան» և «Ատալանտա» օպերացիաներին նախապատրաստվելու համար:











































