Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Բագրատունյանի գործի դատական քննությունը:
Ճարտարագիտական համալսարանի 1-ին կուրսի ուսանող, 19-ամյա Հայկ Բագրատունյանը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:
Այս գործում միմյանց դեմ է դուրս եկել նույն՝ Դանիել Վարուժանի անվան դպրոցի տարբեր դասարաններում սովորածների երկու «խմբակցություն»: Մի կողմից՝ համադասարանցիներ են եղել Արմեն Սահակյանը, Գարիկ Եղիազարյանը և Սարգիս Հարությունյանը, իսկ մյուս կողմից՝ Հայկ Բագրատունյանը, Հրայր Բագրատունյանը, Գրիգորի Սարգսյանը ու Սոնան:
Առաջին եռյակից՝ Արմենն ու Գարիկը ծառայելիս են եղել բանակում: Նրանք 2012 թվականի հոկտեմբերի 16-ից արձակուրդում են եղել ու գտնվել են Երևանում:
Հոկտեմբերի 22-ին Արմեն Սահակյանը զանգահարել է իրենց դպրոցի Սոնային ու առաջարկել է հանդիպել:
Այդ խոսակցությանը ներկա Գրիգորի Սարգսյանը վրդովվել է, որ իր համադասարանցի աղջկան ահա այդպես զանգել ու հանդիպման են հրավիրում: Նա Արմեն Սահակյանի հետ պայմանավորվել է հանդիպել ու պարզաբանում կատարել աղջկան զանգելու վերաբերյալ:
Նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, Գրիգորի Սարգսյանն իր ընկերներ Հայկ և Հրայր Բագրատունյանների հետ գնացել է Տիչինայի փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ հանդիպել են Արմեն Սահակյանին, Գարիկ Եղիազարյանին և Սարգիս Հարությունյանին:
Սկզբում կարծես թե Գրիգորիի ու Արմենի միջև եղած կնճռոտ հարցերը պարզաբանվել են, սակայն հետո նորից վիճաբանությունը թեժացել է, վերածվել կռվի:
Այդ կռվի ընթացքում էլ, ըստ դատական ակտի, Հայկ Բագրատունյանը իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իրենց հակառակորդներին՝ Արմեն Սահակյանին, Գարիկ Եղիազարյանին ու Սարգիս Հարությունյանին:
Արմեն Սահակյանի առողջությանը պատճառվել է ծանր, Գարիկ Եղիազարյանի առողջությանը՝ միջին, իսկ Սարգիս Հարությունյանի առողջությանը՝ թեթև վնասներ: Դանակից վնասվել է նաև հարվածողի՝ Հայկի ձախ ձեռքի երկրորդ մատը:
Դանակահարությունից հետո Հայկը, Հրայրն ու Գրիգորին տարբեր ուղղություններով դիմել են փախուստի, միմյանց հանդիպել են Արարատյան զանգվածում, որտեղ, ըստ մեղադրանքի, Հայկը ցույց է տվել իր մոտ եղած դանակը և հայտնել, թե մի քանի հոգու խփել է դանակով:
Ընդհանուր իրավասության դատարանում Հայկն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե դեպքի օրն ինքը պատահաբար հանդիպել է Գրիգորիին, նրա հետ գնացել «Բանկի կռուգ» կոչվող վայրը, որտեղ ինքը ոչ ոքի հետ չի վիճաբանել, մարմնական վնասվածք չի պատճառել, քանի որ պատճառ չի ունեցել, ընդհանրապես շարժառիթ չի եղել որևէ մեկին դանակով մարմնական վնասվածք հասցնելու: Ինչպես դեպքի օրը, այնպես էլ ուրիշ օրերին ինքն իր մոտ դանակ չի պահել: Առհասարա՛կ: Այդ «Բանկի կռուգում» անհասկանալի վիճաբանություն է սկսվել, ինքն ու եղբայրը, խուսափելով դրան մասնակցելուց, հեռացել են: Ինքը որևէ մեկին դանակ ցույց չի տվել ու չի ասել, թե դրանով հարվածել է մի քանի հոգու:
Դատարանում մյուս տղաներն էլ, բնականաբար, չեն հիշել, թե ինչ է տեղի ունեցել վիճաբանության ժամանակ, ով ում է խփել և՝ ինչու:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ գործի նյութերով, հավաքված ապացույցների համակցությամբ հիմնավորված է, որ վիճաբանության ժամանակ հենց Հայկ Բագրատունյանն է երեք հոգու դանակահարել՝ մասնավորապես Արմեն Սահակյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Հայկ Բագրատունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 9-ից:








































