Դատելով իշխանության վերջին ամիսների պահվածքից, ակնհայտ է մի բան` Սերժ Սարգսյանը կարծես թե միարժեք հասկացել է, որ եթե ուզում է ի վերջո տիրապետել Հայաստանի իշխանությանը, ապա պետք է գնա որակապես այլ քայլերի, այլապես ինքը դատապարտված է հավերժորեն լինել Ռոբերտ Քոչարյանի ստվերում:
Պարզ է, որ այստեղ ամենևին պետք չէ փնտրել Սերժ Սարգսյանի մարդասիրության, կամ ժողովրդավարասիրության բռնկման նշաններ կամ ապացույցներ: Այն ոճը, որ վերջին շրջանում որդեգրել է Սարգսյանը, պարզապես թելադրված է իշխանություն պահպանելու մղումով: Պարզապես նա լավ է հասկանում, որ ներկայումս անհնար է մահակով իշխանություն պահել, կամ հույս դնել առավելապես մահակի վրա: Կասկած չկա, որ եթե ասենք Սերժ Սարգսյանը նախագահ լիներ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, նա նույն ինտենսիվությամբ, ինչ և Քոչարյանը, կդիմեր մահակի օգնությանը:
Սակայն, այստեղից հարց կարող է առաջանալ, թե իսկ եթե ներկայումս լիներ Ռոբերտ Քոչարյանը, արդյո՞ք նա ևս կանցներ հանդուրժողության այն ոճին, որ ներկայումս ցուցաբերում է Սերժ Սարգսյանը: Շատերը, ովքեր այս կամ այն կերպ շփվել են թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ, նրանց միջև համեմատություն անցկացնելիս փաստում են, որ Քոչարյանն այդուհանդերձ ինքնին առավել չոր, կոշտ, անհանդուրժող մարդ է, քան Սարգսյանը: Ասել, թե մարդկային որակներն ու բնութագրերը կառավարման խնդիրներում դերակատարում չունեն, սխալ կլինի, բայց, վերջին հաշվով երևի թե վճռորոշը պարզապես իրավիճակներն են: Եվ այդ առումով արժե, և թերևս ուսանելի կլինի հիշել 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակը, երբ իշխանության մեջ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը բավական թուլացել էին, երբ նա ստիպված էր վարչապետ նշանակել Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, երբ ստիպված էր հանդուրժել Արամ Սարգսյանի ձևավորած կոալիցիոն կառավարությունը, որտեղ ընդգրկվել էին նախարարներ ընդդիմադիր տարբեր ուժերից, ստիպված էր հանդուրժել իր նկատմամբ ՀՀԿ մարգարյանական թևի պահանջները:
Քոչարյանը դարձել էր դիտորդ և խոստովանում էր դա, իսկ մամուլում հրապարակումներ էին հայտնվում, թե պարզապես նրան չեն թույլ տալիս, որ հեռանա, այլապես ինքը մի քանի անգամ հայտնել է հեռանալու ցանկություն: Բայց անցան ամիսներ, ու իրավիճակը պարզապես շրջվեց գլխիվայր, և Ռոբերտ Քոչարյանը դարձավ դրության միանձնյա տերը: Անշուշտ, պետք չէ համանմանություն տեսնել այն ժամանակի, և ներկայիս իրավիճակների մեջ՝ համեմատելով Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարքագծերը: Պարզապես խնդիրն այն է, որ ցանկացած հանդուրժողության տակ պետք է դրվեն համակարգային հիմքեր: Եթե այդ հիմքերն ուշանում են, այդ հանդուրժողությունը վեր է ածվում ընդամենը անհանդուրժող համակարգի վերակենդանացման գործիքի: Սկսված ներքաղաքական երկխոսության ընթացքում անհրաժեշտ է համակարգային հիմքեր դնել մինչև արտահերթ կամ հերթական ընտրություններ, քանի որ հակառակ պարագայում դրանցով հանդուրժողությունն ընդամենը կարող է ավարտվել, ու Աստված գիտե, թե ինչ կսկսի:










































