Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց Նարեկ Կ.-ի գործի դատական քննությունը:
35-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:
Նարեկ Կ.-ն զորամասի օպերատիվ բաժանմունքի ավագ սպա, կոչումով՝ լեյտենանտ է եղել: Դեպքից ամիսներ առաջ նա սեփական դիմումի համաձայն արձակվել է պահեստազոր: Զբաղվել է առևտրով:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկն իմացել է, որ Քաջիկ Զ.-ն իր ընկերուհու հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, դեռ ավելին՝ ընկերուհուն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Այս հարցերը պարզաբանելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Նարեկ Կ.-ն իր մեքենայի մեջ, այնուհետև Տիչինայի փողոցում գործող «Արվասար» ռեստորանային համալիրի մոտ զրուցել և վիճաբանել է Քաջիկի հետ:
Վիճաբանության ժամանակ Նարեկը, որ գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, դանակով ու բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Քաջիկի մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Տուժողին պատճառվել են աջ այտոսկրի, աջից վերին ծնոտի առանց տեղաշարժի կոտրվածքներ, գանգուղեղային տրավմա, աջ նախաբազկի, աջից՝ կրծքավանդակի հետին մակերեսի շրջանների ծակած-կտրած վերքեր, աչքի շրջանի արյունազեղումներ:
Դատարանում ամբաստանյալ Նարեկ Կ.-ն իրեն մեղավոր ճանաչեց լիովին, նրա միջնորդությամբ գործը քննվեց արագացված կարգով:
Դատարանը հաշվի առավ, որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է, նրա խնամքին է մայրը: Զինվորական ծառայության ընթացքում Նարեկն արժանացել է պատվոգրի ու շնորհակալագրի, դրական է բնութագրվել բնակության վայրում, առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարել է միջին ծանրության հանցանք:
Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի առավ, որ հանցավոր արարքը Նարեկ Կ.-ն կատարել է ալկոհոլի ազդեցության տակ:
Նարեկ Կ.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, դատապարտվեց 3 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվեց նախնական կալանքի տակ գտնված ժամկետը՝ 2 ամիս 17 օրը, վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում… 13 օր: Միաժամանակ դատարանը պայմանական դատապարտություն կիրառելով՝ Նարեկ Կ.-ին պայմանականորեն ազատեց 13-օրյա պատժի իրական կրումից ու սահմանեց 1 տարի փորձաշրջան:









































