Գերմանիայում մոտ ապագայում իր գործունեությունը կսկսի «Գերմանա-թուրք-հայկական բարեկամության միությունը» (German-Turkish-Armenian Friendship Society): Այս մասին հայտնում է The Armenian Mirros Spectator-ը:
Նշվում է, որ կազմակերպությունը կղեկավարեն Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտը և ծագումով հայ գերմանացի երաժիշտ Մարկ Սինանը: Նախաձեռնությանը կողմ են արտահայտվել թուրք խորհրդարանական, Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրը, գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Գուստը, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանը և այլն:
Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը ծրագրում է տարբեր մշակութային և գիտական միջոցառումներ կազմակերպել՝ ուղղված երեք ժողովուրդների մտերմացմանը և Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացմանը:
Բարեկամության միության պաշտոնական բացումը տեղի կունենա 2017 թ. հուլիսի 1-ին, Բեռլինում:











































