Հունիսի 28-ին Բրյուսելում անցկացվել է սիրիացի փախստականների պահման համար Թուրքիային ԵՄ ֆինանսական օգնության տրամադրման հարցերով վարչական կոմիտեի 7-րդ նիստը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
Հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել փախստականների մասնագիտական նախապատրաստությանը հավելյալ 50 մլն եվրո հատկացնելու մասին։
Այպիսով՝ ԵՄ-ն փախստականներին պահելու համար Թուրքիային է տրամադրել միայն 811 մլն եվրո՝ խոստացված 3 մլրդ եվրոյից։
2015 թվականի նոյեմբերի 29-ին Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով որոշում էր ընդունվել մինչ 2017 թվականի վերջ Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու մասին։
Մարտի 18-ի արտահերթ գագաթնաժողովում որոշում էր ընդունվել այն մասին, որ միջոցների սղության դեպքում մինչ 2018 թվականի վերջ կհատկացվի ևս 3 միլիարդ եվրո։
Անկարան արդեն տևական ժամանակ խոսում է այն մասին, որ ԵՄ-ն շատ դանդաղ է իրագործում ֆինանսական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը։









































