Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին տեղի ունեցած ասուլիսում շոշափել է բավականին ուշագրավ թեմաներ, որոնք առնչվում են թե՛ Հայաստանի անվտանգության ներկայիս հրամայականներին, թե՛ հեռանկարային զարգացման խնդիրներին:

Եթե բաժանենք խնդիրները այդ տարբերակումով, ապա հրատապության առումով ներկայումս օրակարգային է երկու հարց, որ դարձել է հանրային լայն ուշադրության առարկա՝ Ադրբեջանին ռուսական սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարում և Սիրիայում ՀԱՊԿ հնարավոր խաղաղապահ առաքելություն, որի վերաբերյալ օրեր առաջ հայտարարություն էր արել ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ գեներալ Շամանովը:
Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ այս պահին գրեթե բացառվում է Սիրիայում Հայաստանի զինուժի որևէ առաքելության մասին որոշումը: Միաժամանակ նա ասում է, որ չի բացառվում ստեղծվի դրան բերող իրավիճակ, և Հայաստանը որպես պետություն դիտարկի հարցը:
Բնականաբար հարց է առաջանում, թե ինչպիսին պետք է լինի իրավիճակը, որ Հայաստանը քննարկի հարցը, և այդ իրավիճակը Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի համար ստեղծվելու դեպքում է դառնում հավանական: Այսինքն՝ եթե Հայաստա՞նն է որոշում կայացնողը, թե՞ Ռուսաստանն է, որ չի դնում առայժմ այդպիսի պահանջ, բայց եթե դնի, ապա Հայաստանի իշխանությունը չի կարող հրաժարվել՝ անկախ նրանից, թե որքանով է դա պետք հայկական պետությանը կամ սիրիահայ համայնքին:
Այս հարցերը անմիջապես առաջանում են, եթե խոսքը այդօրինակ լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ պարունակող հարցերի մասին է, քանի որ այդպիսի կոնտեքստի պայմաններում Հայաստանը, դժբախտաբար, գործում է ռուսական շահերի ծիրում: Ընդ որում, հենց այդ համատեքստում հատկանշական է մյուս հարցի հանդեպ նախարարի վերաբերմունքը՝ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման շարունակության:
Վիգեն Սարգսյանը փաստորեն խուսափեց անմիջական դժգոհություն արտահայտելուց՝ փորձելով տեղափոխել խնդիրը հայ-ռուսական հարթություն և տպավորություն ստեղծելով, որ Հայաստանը բավարարվում է գոնե չարյաց փոքրագույնով, որ Ադրբեջանին մահաբեր զենք մատակարարող Ռուսաստանը գոնե Հայաստանին էլ սկսել է մատակարարումներ անել և ապահովել, այսպես ասած, հավասարկշռություն:

Այդպիսով, ի մի բերելով կարճաժամկետ հրամայականները, ակնհայտ է, որ պաշտոնական Հայաստանի «լուծումների» պաշարը համալրված չէ, և դրանք շարունակում են մնալ նվազագույն բավարարի մակարդակին, թեև մարտահրավերների աճող դինամիկան ռիսկի տակ է դնում անգամ նվազագույն բավարարության հեռանկարը, քանի որ մարտահրավերներն աճում են, իսկ կարճաժամկետ «լուծումների» պաշարը՝ ոչ:
Միևնույն ժամանակ այստեղ գուցե խնդիրն այն է, որ այդ պաշարի ավելացումը գործնականում հնարավոր չէ առանց հեռանկարային լուծումների համակարգված առաջմղման, այսպես ասած՝ ինստիտուցիոնալ բազայի ձևավորման:
Այդ առումով Վիգեն Սարգսյանն արտահայտում է մի քանի ողջունելի մոտեցումներ, որոնք կապված են զինված ուժերի և ընդհանրապես պաշտպանական համակարգի կառավարման ինստիտուցիոնալ արդյունավետության բարձրացման հետ: Խոսքը ոչ միայն սոցիալական համակարգի, ոչ միայն զինծառայության նոր՝ այլընտրանքային մոդելների մասին է, որ ներդրվում է «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում, այլ նաև ՊՆ կառավարման համակարգի օպտիմալացման, որի մասին խոսել է Սարգսյանը հունիսի 28-ին:
Ըստ նրա՝ նախատեսվում են կրճատումներ, այլ կերպ ասած՝ զինվորական բյուրոկրատիայի նվազեցում և կրճատվողների տեղափոխում ծառայության զորքերում: Ամբողջ խնդիրն, իհարկե, այն է, թե ինչքանով են այդ փոփոխությունները իրականացվելու գործնականում, և ինչքանով է դա ընդամենը քարոզչական բնույթ կրող զարգացում, որը պայմանավորվում է ներիշխանական վերադասավորումների խնդրով, ինչը կլանել է իշխանական ամբողջ համակարգը:
Այսպես թե այնպես՝ ակնհայտ է, որ պաշտպանական ոլորտի կառավարումը պահանջում է արդյունավետության շեշտակի բարձրացում: Հարցն այն է, որ հանրության համար այդ բարձրացմանը տանող քայլերը լինեն տեսանելի և համոզիչ և միևնույն ժամանակ՝ նաև հրատապ խնդիրների, կարճաժամկետ լուծումների պաշարի համալրման և էապես ավելացման հարցում ուղղակի ազդեցություն և արդյունք բերող: Այսինքն՝ հանրությունը պետք է տեսնի, որ հեռանկարային և ինստիտուցիոնալ բարեփոխումը ոչ թե հղում է անում հեռանկարայաին արդյունքի, այլ տալիս է արդյունք նաև ներկայիս խնդիրների լուծման մասով: Այդ միջոցով է հնարավոր գտնել կամ ավելի շուտ սպասարկել գլխավոր խնդիրը՝ պատերազմի ադրբեջանական սպառնալիքի և ագրեսիվ տրամադրությունների զսպումը:
Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ չի հավատում, թե կարող է լինել լայնամասշտաբ պատերազմ, բայց խոսում է մշտապես պատրաստ լինելու և պաշտպանունակ դառնալու անհրաժեշտության մասին: Դա կարևոր է, որովհետև լայնամասշտաբ պատերազմի խնդիրը հավատալ-չհավատալու տիրույթում չէ: Ավելին՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գուցե պետք է հավատա դրան, առնվազն ներքուստ, որպեսզի միշտ պատրաստ լինի պատերազմին, և մենք չունենանք այն, ինչ մեկ տարի առաջ՝ ապրիլին:

Պատերազմի պետք է պատրաստ լինել, իհարկե, առանց հանրային խուճապ և բացասական սպասում առաջացնելու: Այսինքն՝ խնդիրը շատ պարզ է՝ իշխանությունը չպետք է հանրությանը հավատացնի պատերազմի սպառնալիքի հարցում, և սպասումները չպետք է լինեն հանրային, որովհետև դա մանիպուլյացիայի դաշտ է:
Պատերազմի սպասումը պետք է լինի իշխանական փակ սպասում, և դա թերևս եզակի հարց է, որ պետք է մնա իշխանական փակ շրջանակում, որպեսզի իշխանությունը արդեն բաց շրջանակում միշտ պատրաստ լինելով պատերազմի՝ գործնականում կանխի այն և ապահովի խաղաղությունը:









































