«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
– Ազգային ժողովում բավականին թեժ քննարկումներով ընդունվեց կառավարության ծրագիրը։ Վարչապետին հարցադրումներ եղան իր հետագա պաշտոնավարման հետ կապված։ Ձեր կարծիքով՝ իշխանության ներսում արդեն ուրվագծվո՞ւմ են 2018 թվականի խնդիրները։
– Ես ՀՀԿ-ն դիտում եմ որպես ակումբ, որի մեջ մտած անձինք բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունում։ Այն դասական կուսակցություն չէ, կասեի՝ առհասարակ կուսակցություն չէ։ ՀՀԿ-ն շատ արագ կկազմաքանդվի, եթե զրկվի իշխանությունից։ Ոչ մեկի համար նորություն չէ, որ ՀՀԿ-ի ներսում միավորող միակ բանը պաշտոն պահելն է, և բացարձակ նորություն չէ նաև այն, որ կան տարբեր հոսանքներ։ Բայց այդ բոլոր հոսանքների վերևում կանգնած է Սերժ Սարգսյանը, այն չի կազմաքանդվում միայն այն պատճառով, որ Սարգսյանը բավարարում է բոլորի պահանջները։ Պատահական չէ, որ երբեմն այդ բևեռների ներսում լինում են բախումներ, որոնք շատ հաճախ չեն երևում։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա բնական է, որ ընդդիմությունը նման կերպ դժգոհեց՝ ծրագիրը բավականին անիրատեսական է։ Պատահական չէ այս առումով, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից ոմանք ՀՀԿ-ին մեղադրեցին թվեր նկարելու և նախորդ ծրագիրը չիրագործելու մեջ։
– Կարծում եք՝ պատահակա՞ն է «Ծառուկյան» դաշինքի «դեմ» քվեարկությունը։ Եթե հաշվի առնենք, որ այս դաշինքը վերահսկվող է Սարգսյանի կողմից, Սարգսյանը չէ՞ր կարող ստիպել կողմ քվեարկել։
– «Ծառուկյան» դաշինքն ուներ իր սեփական տնտեսագիտական ծրագիրը, և եթե չքննադատեր ՀՀԿ-ի ծրագիրը ու «դեմ» չքվեարկեր, ապա դա չէր ընդունվի հասարակության կողմից։ Նրանց մեխը քարոզարշավի ժամանակ հենց տնտեսական ծրագիրն էր։ Նույն ՀՀԿ-ի ծրագրում շատ ամորֆ էր ներկայացված Հայաստանի ապագա տնտեսական իրավիճակը, ու եթե նույնիսկ պայմանավորված էլ չլինեին հանրապետության նախագահի հետ այս հարցի շուրջ, ապա միևնույն է՝ պետք է դեմ քվեարկեին. հասարակությունը պարոն Ծառուկյանին կհարցներ՝ ինչպե՞ս ստացվեց, որ այդքան քննադատելով՝ կողմ քվեարկեիցք։ Ես «Ծառուկյան» դաշինքը համարում եմ կանխատեսելի ընդդիմություն, բայց հարցեր կան, որոնց պարագայում Ծառուկյանն իր սեփական երեսը պահելու համար չէր կարող կողմ քվեարկել. դրանցից մեկը Արմեն Աշոտյանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում քվեարկելու հարցն էր։ Նույնն էլ հիմա. ես համարում եմ, որ հարցեր կան, երբ Ծառուկյանը կաշկանդված է և չի կարող կողմ քվեարկել մի բանի, որը նախկինում քննադատել է։
-Տեսակետ կա, որ 2018 թվականին այս դաշինքը Սերժ Սարգսյանի համար կարող է յուրահատուկ բուֆեր հանդիսանալ, եթե հանկարծ Կարեն Կարապետյանին հաջողվի ՀՀԿ-ի ներսում իր թիմը ձևավորել և, ենթադրենք, մի 10 պատգամավորի իր կողմը քաշել։
– Եկեք մեկ բան ճշտենք՝ պատմությունն ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ այն ուժերը, որոնք գալիս են իշխանության, գերադասում են իրենցից հեռու պահել նախկին իշխանավորներին. դա վերաբերում էր Քոչարյանին և Սարգսյանին: Դուք տեսաք, թե ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը մարտի մեկից հետո Սարգսյանին հանձնելու համար, և տեսաք նաև Սարգսյանի «շնորհակալությունը»՝ Քոչարյանը հայտնվեց լուսանցքում։
Հիմա հարց է՝ Սարգսյանը նախագահի պաշտոնից զրկվելուց հետո ինչ ազդեցություն կունենա իշխանական ոլորտում։ Ես ինչքան նկատում եմ Սերժ Սարգսյանի քայլերից՝ նա իր հույսը դրել է ուժային հենքի վրա՝ պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, որտեղ պաշտոնների նշանակվում են իր կադրերը։ Բայց դա չի կարող ապահովագրել Սերժ Սարգսյանին՝ այն առումով, որ այդ անձինք մինչև վերջ կկանգնեն իր կողքին։ Այդ անձինք կանգնում են, որովհետև ինքը հիմա նախագահ է, այլ հարց է, որ վաղը-մյուս օր երբ նա դառնա նախկին նախագահ, ով կկանգնի իր կողքին։ Նույնն էլ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին. իսկ ո՞վ է ասել, որ երբ ՀՀԿ-ի ներսում պառակտում լինի, «Ծառուկյան» դաշինքի որևէ պատգամավոր կկանգնի Սերժ Սարգսյանի կողքին։ Ես խիստ կասկածում եմ։ Թերահավատ եմ, որ այդ դաշինքը բուֆեր կհանդիսանա Սարգսյանի համար՝ հիշենք նաև 2015 թվականը, թե ինչ ապրումներ ունեցավ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո։
– Դուք վարչապետի ելույթից և այն պատասխանից, որ պատրաստ է շարունակել վարչապետի պաշտոնը զբաղեցնել, ի՞նչ տպավորություն ստացաք, նրան դա կթույլատրվի՞։
– Նախ՝ Կարեն Կարապետյանը երկրորդ անգամ է բավական բարձր պաշտոն ստանձնում Հայաստանում, առաջինը Երևանի քաղաքապետն էր. հիշո՞ւմ եք՝ ինչ սկանդալով հեռացավ։ Կարեն Կարապետյանն այնքան միամիտ մարդ չէր, որ երկրորդ անգամ նույն գետը մտներ։ Այսինքն՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ նա ուներ երաշխիքներ, որ վաղը-մյուս օրը նրան շատ չեն կաշկանդելու։ Չմոռանանք, թե ով է Կարեն Կարապետյանը. նա նաև Ռուսաստանի ամենախոշոր կորպորացիաներից մեկի հայաստանյան ներկայացուցիչն է եղել, այստեղից հետևություն, որ նա սերտ կապեր ունի Վ. Պուտինի հետ։ Գուցե դաժան բան ասեմ, բայց պետք է ընդունենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու մեջ մեծ դեր է ունեցել նաև Կրեմլը։ Եվ հիմա հայտարարել՝ նրան թույլ կտան, թե ոչ՝ մի փոքր չափազանցված է։ Մեր երկրի իշխանությունների ամբողջ գործունեությունն այս տարիների ընթացքում բերեց նրան, որ Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղերը Ռուսաստանի ձեռքում են, ուզենք թե չուզենք՝ ՌԴ-ն մեծ ազդեցություն ունի մեր ներքաղաքական իրավիճակի վրա և իրեն կարող է թույլ տալ իր թեկնածուին առաջադրել։ Այս պարագայում ամենահարմարը Կարեն Կարապետյանն է: Թե ինչ կանեն մեր քաղաքական ուժերը այս ընթացքում Կարեն Կարապետյանին «փչացնելու» համար՝ դա այլ հարց է, բայց մինչ այս պահը Կարեն Կարապետյանը ամենահարմար թեկնածուն է՝ որպես ապագա վարչապետ։



































