«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն «հայատառ.հայ» տիրույթը գնելուց առաջ պատրաստվում է քննարկումներ կազմակերպել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը տեղեկացրեց, որ արդեն հայտարարություն են պատրաստել, դիմել ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդին, որպեսզի վերջինս ոլորտի բոլոր ընկերությւուններին տեղեկացնի: Հոկտեմբերի 8-9-ին Երևանում կազմակերպվելու է միջազգային կոնֆերանս՝ Ինտերնետ 2013, որտեղ ևս այդ հարցը քննարկվելու է, դրանից հետո Ինտերնետ հանրուևթյունը պատրաստվում է դիմել Տրանսպորտի և կապի նախարարություն, որն էլ իր հերթին պետական մարմինների շրջանում պիտի կազմակերպի քննարկումներ: «Կարծիք կա, որ այդ տիրույթը գնելը մեզ պետք չի, ես էլ ինքս շատ եմ կասկածում, որ պետք է»,- ասաց Սաղյանը՝ նշելով, որ քննարկումներից հետո շատ բան պարզ կդառնա:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ կառավարման անդամ Աննա Կարախանյանը նոր է վերադարձել Համացանցի ազգային դոմենների կոորդինացիոն կենտրոնի կազմաերպած ԱՊՀ և Արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների ազգային դոմենների ադմինիստրատորների և ռեգիստրարների վեցերորդ միջազգային կոնֆերանսից, որին մասնակցում էին աշխարհի քսանչորս երկրների հարյուր երեսուն ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում անդրադարձ է եղել նաև ազգային դոմենային տիրույթների հարցին:
«Հայատառ դոմենային տիրույթի ձեռքբերման հարցը դեռ վերջնականապես որոշված չէ. սա կենդանի համակարգ է, պետք է ժողովրդի կարծիքը հայտնել: Չեխիայում, օրինակ, քննարկել են, բնակչությունը երեք անգամ մերժել է, բայց հարցումները ցույց են տվել, որ կան տարիքային սահմաններ, օրինակ՝ հիսունն անց կանայք, ովքեր փոքր քաղաքներում են ապրում, երեխաները կամ ծերերը կողմ են այդ տիրույթի ձեռքբերմանը»,- ասաց նա: Կարախանյանը նշեց տիրույթի ձեռքբերման օգտին խոսող մի շարք այլ պատճառներ: Նախ՝ ազգային դոմենները լեզուն չեն խեղաթյուրելու, անվանումները, լատինատառ գրվելու պատճառով, երբեմն հասկանալի չեն լինում, բացի այդ՝ մեծանում է ինտերնետ-լսարանը՝ շնորհիվ այն մարդկանց, որոնք չգիտեն անգլերեն: Ռուսական փորձը ցույց է տվել՝ մայրենի լեզվով գրված անվանումները ավելի հիշվող են, ինչը նպաստավոր է նաև գովազդների դեպքում, գրության ժամանակ չես կասկածում՝ ինչպես է պետք գրել անվանումը: Ազգային լեզվով դոմենների դեպքում ավելի հեշտ է սպասարկում կատարել հեռախոսով: «Շատ դժվար է լատինական տառերով գրված խոսքերը հասկանալ հեռախոսով, եթե դրանք այլ լեզվով են, ասենք՝ հայերեն, ռուսերեն կամ մի երրորդ լեզվով:
Հայատառ դոմենային տիրույթի ձեռքբերմամբ համացանցն առավել հասանելի կդառնա Հայաստանի հեռավոր շրջաններին. պարզ է՝ մայրաքաղաքում ավելի շատ մարդիկ են անգլերենին տիրապետում, նույնիսկ այստեղ որոշ մարդիկ լատինատառ դժվարանում են գրել: Կան լեզուներ, որոնք յուրահատուկ տառեր ունեն, կամ, օրինակ, նույն՝ Մաշտոց խոսքը մեկը գրում է Mashtoc, մեկը՝ Mashtots, այս դեպքում ավելի հստակեցվում են տառերը»,- ասաց Կարախանյանն՝ ընդգծելով, որ թվարկված պատճառները կարող են հիմք դառնալ, դրդել, որպեսզի իրենք փորձ անեն դոմենային այս տիրույթը ձեռք բերել: Մինչև որոշման կայացումը, սակայն, պետք է հաշվի առնել՝ որքանով է դա ցանկանում ժողովուրդը, որքան շատ է հայալեզու կոնտենտը, այնքան ազգային դոմենի կարիքը մեծ է:
Տարածաշրջանում առաջինը մենք՝ հայերս ենք փորձում ունենալ մեր ազգային դոմենային տիրույթը: Այս հարցում, ըստ Կարախանյանի, ճիշտ գովազդի ու բացատրական աշխատանքի կարիք կա. Ռուսաստանում դա արվել է շատ բարձր մակարդակով, նաև երեխաների շրջանում՝ վիկտորինաների, խաղերի միջոցով, մեծ աջակցություն է ցուցաբերվել Կառավարության կողմից: «Ազգային ինքնությունը պահպանելը և աշխարհում դրանով ներկայացված լինելը երևի այնքան էլ վատ բան չի: Եթե կիրիլյան այբուբենն ասում են շատերն են աշխարհում կիրառում, մենք էլ սփյուռք ունենք, չէ, նրանց համար էլ հայերենն է հասանելի»,- ասաց նա: Կարախանյանի կարծիքով՝ ճիշտ չէ տեսակետը, թե հայատառ դոմեններն աշխարհին հասանելի չեն լինի: Նա նշում է, որ արտերկրից գնված իր iPad-ը հայերեն է գրում, հայերեն տառերը ճանաչելի են, արդեն նոր ծրագրեր են գրվում:
Կարախանյանը նշում է՝ աշխարհն, ի վերջո, տեղում չի դոփում: Ազգային դոմենային տիրույթ է մտնում արդեն նաև Ղազախստանը: Դեռևս վերլուծություն չկա, թե ինչ կայքեր են գրանցվում ազգային լեզվով դոմենային տիրույթում: Վերջինիս ձեռքբերումից առաջ, նախքան ժողովրդի շրջանում հարցում անելը, անհրաժեշտ է սեմինարներ անցկացնել, հեռուստատեսությամբ մարդկանց տեղեկացնել, քանի որ, Կարախանյանի կարծիքով, եթե փողոցում մոտենան պատահական անցորդների և հարցնեն՝ ինչ է դոմենը, շատերը չեն, որ կիմանան՝ ինչ է դա: Կարախանյանը համոզված է՝ որքան շատ բնակչություն ունի երկիրը, այնքան շատ է ուզում իր լեզվով օգտագործել ինտերնետը: Ավանդական լատիներենով ներկայացված դոմենների առաջին փոփոխությունները տեղի են ունեցել իսպանախոս աշխարհում: Անգլերենը՝ ինտերնետի լեզուն, մայրենի է Երկիր մոլորակի բնակչության միայն երեք տոկոսի համար, թեև ավելի շատերը գիտեն այն:
Ռուսաստանը 2010 թվականի ապրիլին իրավունք ստացավ ներդնել ազգային .рф դոմենը կիրիլյան տառերով, նույն թվականի մայիս ամսին ինտերնետում հայտնվեցին ոչ լատինատառ դոմեններ՝ ՌԴ-ում ռուսերեն, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում՝ արաբերեն: ընդամենը երեք օրում այս գոտում արդեն գրանցվել էին ավելի քան հազար անուններ կիրիլյան տառատեսակով, և հիմա 813 000 դոմեն: 2013 թվականի օգոստոսին հասանելի դարձավ առաջին դոմենը укр զոնայում:









































