Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ քննվում է Լևոն Խաչատրյանի և Օգսեն Մանուկյանի գործը:
57-ամյա Լևոն Խաչատրյանը և 50-ամյա Օգսեն Մանուկյանը, ըստ առաջադրված մեղադրանքի, նախնական համաձայնության են եկել, մուտք գործել Բաշինջաղյան փողոցում գործող «Սթար» սուպերմարկետ, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր արժողությամբ վիսկիներ՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի դրանից, նրանք մեկ այլ «այցելության» ժամանակ նույն սուպերմարկետից փորձել են հափշտակել տարբեր արժողությամբ կոնյակներ, բայց իրենց կամքից անկախ պատճառներով գողությունն ավարտին չեն հասցրել:
Վիսկիների ու կոնյակների այս սիրահարներին մեղադրանք է առաջադրված գողության և գողության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով: Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:








































