«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը գլխավոր դատախազի անձի փոփոխությունից դրական ոչ մի ակնկալիք չունի: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Անդրադառնալով նորանշանակ պաշտոնյայի գործունեության առաջնահերթությունների թեմային՝ նա կարծիք հայտնեց, որ ով էլ նշանակվելու լինի Աղվան Հովսեփյանի փոխարեն, իշխանությունների ռեպրեսիվ գործելաոճն էլ ավելի է կոշտանալու: «Սա ակնհայտ է հատկապես եվրաինտեգրումից երես թեքելուց և Մաքսային միությանը հավատարմության երդում տալուց հետո: Վերահաստատվելու է այն իրականությունը, որ Հայաստանում տիրողը բիրտ ուժը պետք է լինի և ոչ թե օրենքն ու օրինականությունը: Օրինակ այն, որ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ազատ է արձակում ակնհայտ հանցագործներին, այն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանից 300 միավոր զենք են հանում, նրա որդին էլ մարդ է սպանում՝ մնալով ազատության մեջ, այն, որ խոտ այրելու համար ազատազրկում են Քեմբրիջում ուսանած, իշխանություններին լոյալ հայ երիտասարդին, քաղաքական այլախոհների նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, բանտում է պահվում քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը՝ խոսում է այն մասին, որ իշխանություններին ծառայելու կարևոր նախապայման է դառնում հնարավորինս լկտի, ապօրինի ու սանձարձակ գործելաոճը»,- ասաց Ծովինար Նազարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազի պաշտոնում չվերանշանակելով՝ իշխանությունները համակարգի բարեփոխումների մտադրություն ունեն, նախաձեռնության անդամը բացասական պատասխան տվեց. «Ուղղակի նրա գործածության ժամկետն ավարտվել էր, և այժմ ավելի երիտասարդ կադրեր են հարկավոր: Աղվան Հովսեփյանն իշխանությանը կշարունակի ծառայել մեկ այլ տեղում: Իսկ նրա փոխարեն կբերեն ավելի երիտասարդ, թարմ կադրերի՝ շարունակելու նախկին գլխավոր դատախազի գործը: Այսինքն, ես որևէ դրական ակնկալիք անձի փոփոխությունից չունեմ: Չլինի նա, կլինի մեկ ուրիշ Աղվան Հովսեփյան, չի լինի Գևորգ Կոստանյանը, կլինի մեկ ուրիշ Կոստանյան, չի լինի Վլադիմիր Գասպարյանը, կլինի մեկ ուրիշ Վլադիմիր Գասպարյան: Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն՝ ռեժիմի դեմքը»:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր օրեր առաջ՝ սեպտեմբերի 13-ին: Նա Գլխավոր դատախազության շենքից հեռացել էր՝ համբուրելով շենքի մուտքի դուռը:








































