«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հումորիստ, երգիծաբան Սամվել Բաղդասարյանը:
-Հետաքրքիր է՝ ո՞ւր էր Սամվել Բաղդասարյանն ամռան ամիսներին: Հարցադրումը պատահական չէ, քանի որ բավականին թեժ ամառ էր, «Վճարում ենք 100 դրամ» ակցիաներ էին իրականացվում: Ոմանք PR նպատակով, իսկ ոմանք էլ իսկապես ինքնաբուխ մասնակցեցին այդ ակցիաներին: Ձեզ չտեսանք, ինչո՞ւ:
-Ամռանն այստեղ էի, Հայաստանից դուրս չեմ եկել, հայաստանյան պայմաններում եմ հանգիստն անցկացրել: Մարդու վրա Հայաստանից դուրս գալը հոգեբանորեն ծանր է նստում: Մի ժամանակ, երբ գնում էի իրավական առումով ավելի կայացած երկիր, հետ էի գալիս, երկար ժամանակ ինչ-որ բաներ ինձ վրա ազդում էին: Օրինակ՝ ասֆալտի փոսը կարող էր հիասթափեցնող բաղադրիչ ունենալ, բայց իհարկե դա ծաղկաբույլի ընդամենը մի մասն էր: Մեկ շաբաթ հետո հաղթահարում ես, սկսում ես ընկնել նիրվանայի մեջ և աշխարհը ճանաչել քո տարածքով: Փառք Աստծո, համացանցը տալիս է հնարավորություն ժամանակն ավելի ռացիոնալ օգտագործելու տարածության առումով: Վերջին մի քանի տարիներին ինձ փորձում եմ հանգստության սովորեցնել, քանի որ անկեղծ պոռթկումներին չտիրապետելը քեզ երբեմն դարձնում է տարբեր շարժումների մասնակից:
2008-ի մարտի 1-ին եղել եմ մասնակից, քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինելով՝ որպես քաղաքացի մինչև վերջին պահը մասնակցել եմ, հետո մեծ հիասթափություն եմ ապրել: Վերջին ակցիաները որոշակի առումով ապահով ակցիաներ էին, իշխանության համար անակնկալ ակցիաներ չէին: Ես ակցիաներին մասնակցողների կողքին եմ, բայց ներսդ պետք է հուշի՝ ուր գնալ:
-Ինչ էր ակնկալում քաղաքացին 2008-ին, ինչո՞ւ հիասթափվեց:
-Փոփոխությունների ակնկալիք ուներ քաղաքացին, և միանշանակ փոփոխության եղավ. քաղաքացու մեջ ինքնագիտակցություն փոխվեց, և հենց այն ժամանակ հիմք դրվեց այս ինքնաբուխ պոռթկումներին: Ցանկալի է, որ յուրաքանչյուր շարժում լինի էլ ավելի խոր և տրամաբանական, միաժամանակ չխառնվեն քաղաքականն ու քաղաքացիականը. այդ խճճումն անհասկանալի է: Եթե չկան քաղաքական գործիչներ, և արտիստները պետք է քաղաքականությամբ զբաղվեն, թող զբաղվեն, բայց եթե կա քաղաքականություն, կան քաղաքական գործիչներ, աշխատում են, աշխատավարձ ստանում, թող իրենք մտնեն այդ դաշտը, իսկ արտիստներն էլ գնան իրենց աշխատանքով զբաղվեն:
-Այսօր Անկախության օրն է: Շատ ՀՀ քաղաքացիներ շարունակում են կռիվ տալ անկախության համար, Դուք կա՞ք այդ կռվում:
-Իհարկե կամ: Անկախությունը գեղեցիկ արժեք է, եթե կարողանաս նրան հասնել: Եթե այն քեզ նվեր է տրվում, դու կարող ես նրա արժեքը չզգալ և վերածել կամ…կամ-ի, կամ և…և-ի:
-Ուզում եք ասել՝ անկախությունը մեզ նվե՞ր էր…
-Պատմությունից օրինակ բերենք. այն ազգերը, որոնք երկար տարիներ պայքարել են իրենց անկախության համար, մի քիչ ավելի դժվար են ձերբազատվում այդ զգացումից: Մենք էլ ենք մեր պայքարը մղել, բայց մի քիչ արագ ստացվեց, մի փոքր էլ տիեզերական նվեր էր: Այն ժամանակ էլ մի հատվածը ուզում էր անկախություն, մի հատվածը չէր ուզում, բայց այն համաժողովրդական էր: Հիշեք՝ առաջին նախագահի քվեն 83 տոկոս էր կազմում, 96-ին դա արդեն չկար, իսկ 2008-ից հետո…
96-ից մինչև օրս Հայաստանում զարգանում է ընտրական կեղծարարական տեխնոլոգիան, և այդ բրենդը կարող ենք վաճառել աշխարհին: Երեք տարի հետո կարելի է տոնել Հայաստանում ընտրական կեղծարարական տեխնոլոգիաների 20-ամյակը: Այնպես որ, պայքարում եմ, միշտ չէ, որ պայքարը երևում է:
Կար փուլ, որ ներքին մղում կար ամենօրյա ելույթի, ամենօրյա խոսքի, բայց այսօր դու քեզ պետք է կեղծես, որպեսզի ամեն օր փորձես հանդես գալ: Կեղծիքից ուզում ես հեռու մնալ, իհարկե, այստեղ բիզնեսի կորուստ կա, բայց փոխակերպվում ես ուրիշ դաշտի մեջ:
Եթե արտաքին անկախությունդ կորուստ է արձանագրում, հավատա քո ներքին ազատությանը, դա է կառուցում վաղվա օրը…
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ուշ:











































