ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ համապետական կարևորագույն տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Բոլոր ժողովուրդների համար անկախությունը ոչ միայն բնական և օրինաչափ ձգտում է, այլև` սեփական ճակատագիրը տնօրինելու և իր ապագան կառուցելու իրավունք:
Անկախության ձեռքբերմամբ և պետականության վերականգնմամբ մենք ազդարարեցինք համայն աշխարհին, որ ի զորու ենք մեր երկիրը դարձնել համաշխարհային ընտանիքի արժանապատիվ անդամ, միջազգային գործընթացների իրավահավասար մասնակից:
22 տարի առաջ համաժողովրդական կամարտահայտմամբ նվաճած անկախությունը յուրաքնչյուրից պահանջում էր սրտացավ մոտեցում պետության հանդեպ, հանդուրժողականության ու միասնականության հատուկ դրսևորում, հավատ ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Այդ նույն հավատն ու վստահությունը երաշխավորեցին մեր հաղթարշավը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ծանր հետևանքների վերացման, ռազմի դաշտում հանուն ազատ Արցախի տարած հաղթանակի ապահովման, սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման գործում:
Վստահ եմ, որ որևէ փորձություն ու դժվարություն չեն կարող խաթարել մեր երկրի հաստատուն ընթացքը` հասնելու համաժողովրդական ձգտումների լիարժեք իրականացմանը, ունենալու ավելի զարգացած, բարեկեցիկ ու ապահով Հայաստան:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ` բոլորիս մաղթում եմ եռանդուն և արգասաբեր աշխատանք հանուն մեր պետության հզորացման ու մեր ժողովրդի բարեկեցության»:
Լուսանկարը՝ Photolure-ի









































