Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հավաստմամբ՝ այսօր անկախությունը շատերիս համար սովորական է դարձել, այդ պատճառով շատ ձեռքբերումներ չենք նկատում, բայց դրանք իրոք կան: Համեմատելով խորհրդային տարիները 22-ամյա անկախ Հայաստանի Հանրապետության հետ՝ նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր շատ կառույցներ են ձևավորվել, և եթե տեղի ունենա իշխանափոխություն, նորմալ իշխանություն գա, այդ կառույցները կարող են շատ լավ աշխատել. «Ես տեսել եմ նաև սովետական շրջանը, որտեղ, օրինակ, արտաքին գործերի նախարարությունում չորս-հինգ հոգի էր աշխատում, բնականաբար, ողջ քաղաքականությունը որոշում էր Մոսկվան: Մաքսային միություն մտնելուց հետո նույնպես այդ վտանգը կա: Հնարավոր է՝ պետք լինի արտգործնախարարությունը ցրել և չորս-հինգ հոգի պահել, կամ միայն Էդվարդ Նալբանդյանին, որ Մոսկվայից ինչ ասեն՝ անի»:
Ըստ Վ.Մարտիրոսյանի՝ Մաքսային միությանը միանալը ժողովրդի ցանկությունը չի եղել. եթե այդպես լիներ, հանրապետությունում քվեարկություն կհայտարարվեր, և հասարակությունը կօրհներ իշխանության ընտրությունը: «Քանի որ իշխանությունը օրինակարգ չէ, իր արած քայլերը նույնպես օրինակարգ չեն: Ես ինքս Մաքսային միությունը չեմ համարում Հայաստանի ընտրությունը»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, մեր զրուցակիցն առանձնացրեց նաև անկախության դրական կողմերը, որոնցից ամենակարևորն այն է, որ անկախ սերունդ է գոյացել՝ գաղութային հոգեբանությունից զգալի չափով ազատված: Շատ երիտասարդներ անգլերենին են լավ տիրապետում և ռուսերենի բացարձակ գերակշռությունն արդեն հետ է մղվել:
Սակայն պետք է կարողանալ պահել ունեցածը, իսկ այսօր մարդկանց աչքերին պետականության կորստի սարսափ կա, որը կապված է Մաքսային միությանը միանալու և հսկայական չափերի հասնող արտագաղթի հետ. «Եթե մենք սա հաղթահարենք, մեզ համար բարեհաջող ընթացք կլինի: Ես այն կարծիքին եմ, որ ԽՍՀՄ-ից հետո մի քանի սերունդ պետք է փոխվի, որ անկախության երաշխիք ունենանք»:
Վերջում գրողը բոլորին տոնի առիվ մաղթեց լինել զվարթ տրամադրության մեջ՝ անկախ բոլոր դժվարություններից, որովհետև մեր հոգեվիճակն ու տրամադրությունն են որոշում մեր և երկրի կյանքը:









































