Որդուն ու Զարզանդին ազատելուց հետո Լիսկայի ինդուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով, նա ոչ միայն դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին՝ իր պատիվն անարգելու համար, այլև սկսել է բուռն տնտեսական գործունեություն ծավալել: Մաքսիմ Հակոբյանին իր հայտնի հանքը վաճառելուց հետո նա հենց այդ հանքի կողքին գնել է նոր հանք, որտեղ, սակայն, Բուդաղյանների հետ ընդհարումից հետո որևէ աշխատանք չէր կատարվում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ըստ լավատեղյակների՝ հանքը շահագործման հանձնելու համար Սուրիկ Խաչատրյանը 30 միլիոն դոլար վարկ է վերցրել ու փորձում է այդ ներդրումների միջոցով հաճելին համակցել օգտակարի հետ՝ համ հանքից օգուտներ քաղել, համ էլ 500-600 աշխատատեղ բացել, համ էլ քաղաքական դիվիդենտներ շահել: Այնուհանդերձ, Լիսկան ֆիասկո է գրանցել քաղաքական «գետնին վրա». Հայկ Գևորգյանի փոխարեն պատգամավոր ընտրվելու նրա պրոյեկտը տապալվել է: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Լիսկային ասել են՝ մոռացիր այդ մասին:









































