Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի հրավիրած համատեղ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով իր խոսքի սկզբում շնորհավորեց ներկաներին Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
«22 տարի առաջ գրեթե 2․5 միլիոն ՀՀ քաղաքացի իր ուղիղ հրամայականը, հանձնառությունը, պահանջը իրացրեց, հաստատեց և ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս անկախ է»:
Նրա խոսքերով՝ որևէ մեկը Հայաստանում իրավունք չունի՝ թեկուզ հանրաքվեով, փոխել Հայաստանի կարգավիճակը՝ այնէ անկախ լինելը. «Հայաստանում այդ տարիներից հետո իշխանությունների ջանքերով, որքան էլ թվանկարչությամբ զբաղվեն, այդքան մարդ չկա: Ուստի որևէ մեկը իրավունք չունի փոխել այն, ինչ ձեռք է բերվել 91 թվականին, և որին մասնակցել է Հայաստանում ազգի 99 տոկոսը»:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Մարտիրոսյանն ասաց․ «Մաքսային միությանն անդամակցելը ենթադրում է երկրի ինքնիշխանության մի մասի փոխանցումը վերազգային մարմիններին, իսկ հենց դա սպառնալիք է պետականության համար:
Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը ոչ մի տնտեսական շահ էլ չի ստանա: Միակ բանը, որ տեղի կունենա, կավելանան արտագաղթի տեմպերը: Եվ այդ ժամանակ ոչ մեկ չի լինի, որի համար հարկ լինի ապահովել Հայաստանի անվտանգությունը»:
Մանրամասները դիտեք տեսանյութում։







































