ArmStar.am-ը զրուցել է Գոհար Գասպարյանի հետ: Շաբաթվա ընթացքում սկսեցին տարածվել շշուկներ, որ Սիրուշոն այլևս չի համագործակցում իր մենեջեր Արևիկ Ուդումյանի հետ: Խոսակցությունների առիթ էր հանդիսացել երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որտեղ տեղադրվել էր 2 լուսանկար` հետևյալ գրառումներով ` Did You Know: Արդեն բավական ժամանակ է աշխատում ենք մի մարդու հետ, ում բոլորդ շատ սիրում եք :
Նկարից հասկանալի է դառնում, որ այդ սիրելի անձնավորությունը հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն է:
Լուսանկարները տեղադրվելուց անմիջապես հետո սկսվեց մեկնաբանությունների տարափ: Շատերն այս համագործակցությունը կապեցին Եվրատեսիլ 2014-ի հետ` հույս հայտնելով, որ Սիրուշոյին ևս մեկ անգամ կտեսնեն Եվրատեսիլի բեմում, ոմանք էլ գոհունակություն հայտնեցին, որ երգչուհին այլևս չի համագործակցելու Արևիկ ՈՒդումյանի հետ` պատճառաբանելով, որ վերջինս միայն իրեն է պրոպագանդում (Voskanyan V.-ի մեկնաբանությունը՝ փաստորեն Արևիկն այլևս չկա ….հրաշալի է, քանզի Արևիկը միմիայն ինքն իրեն էր պրոպագանդում…):
Տարածված շշուկների իսկությունը պարզելու համար ArmStar.am-ը զրուցել է Գոհար Գասպարյանի հետ, ով նշել է, որ ինքն ամենևին էլ չի ստանձնել Սիրուշոյի մենեջերի պաշտոնը, և որ իրենք պարզապես համատեղ մի նոր նախագիծ են իրականացնելու: Գոհար Գասպարյանը խոստացել է փակագծերը բացել մինչև աշնան վերջ: Նա անդրադարձել է նաև Եվրատեսիլ 2014-ին Սիրուշոյի մասնակցության մասին խոսակցություններին` ասելով. «Մենք առայժմ կենտրոնացած ենք մանկական Եվրատեսիլի վրա, ամեն ինչ անում ենք նոյեմբերին պատշաճ ներկայանալու համար, այնպես որ մեծերի Եվրատեսիլի հետ կապված առայժմ որևէ հրապարակում անել չենք կարող», – իր խոսքը եզրափակել է Գոհար Գասպարյանը:







































