ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոկտեմբերին առաջին անգամ կհրապարակի Կենտրոնական հետախուզական վարչության մի շարք փաստաթղթեր 1992-1995թթ. Բոսնիայի և Հերցեգովինայի պատերազմի մասին, որոնցից հանվել է գաղտնիությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին գրել են բոսնիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներին:
Ակնկալվում է, որ նախկին նախագահը կհրապարակի ԿՀՎ-ի շուրջ 300 փաստաթուղթ, որոնք մինչև վերջին ժամանակներս հասանելի են եղել սահմանափակ թվով մարդկանց: Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Քլինթոնի հիմնադրամում, Նյու Յորքում սիմպոզիումի ժամանակ:
Կքննարկվեն 1990-ական թթ. Բալկանների պատերազմը, բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացնելու գործում հետախուզական ծառայությունների դերը, Քլինթոնի վարչակարգի քայլերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:
Միջոցառմանը կմասնակցեն նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Ուեսլի Կլարքը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սամուել Բերգերը և այլ հայտնի գործիչներ:








































