Սիրիայի ազգային ընդդիմության ղեկավարությունը դատապարտել է կառավարական զորքերի դեմ կռվող գրոհայինների հարձակումը «Սիրիական ազատ բանակի» զինված ստորաբաժանումների վրա, հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Ընդդիմադիր կոալիցիան դատապարտում է ագրեսիան սիրիական հեղափոխության ուժերի և սիրիացի բնակիչների դեմ: Նման գործողությունները հակասում են հեղափոխական շարժման համոզմունքներին և սկզբունքներին, որոնց փորձում ենք հասնել»,- ասվում է Ազգային կոալիցիայի հայտարարության մեջ:
ԱՄՆ իշխանությունները ևս անհանգստացած են սիրիական ընդդիմության կողմնակիցների և ծայրահեղ իսլամիստների միջև բախումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
ԶԼՄ-ները, վկայակոչելով ընդդիմության ակտիվիստներին, հաղորդել են, որ Ազազ քաղաքը (գտնվում է Հալեպից մոտ 30 կմ հյուսիս), որը նախկինում գտնվել է Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ, գրավել են ծայրահեղականները: Տեղի բնակիչների խոսքերով՝ իսլամիստները սկսել են ձերբակալություններ անել և հսկիչ անցակետեր տեղադրել:
«Մենք անհանգստացած են այս հաղորդագրություններից և խաղաղ բնակիչների վրա ծայրահեղականների հարձակումների մասին տեղեկություններից: Մենք աշխատում ենք սիրիական ընդդիմության գերագույն ռազմական խորհրդի հետ և կշարունակենք հետևել իրավիճակին»,- ասել է Հարֆը:








































