Մեծ Բրիտանիայում աճուրդի ժամանակ վաճառվել է «Տիտանիկ» նավի գծագիրը, որը գտնվում էր նավի՝ 1912թ.-ին այսբերգի հետ բախման գործի քննության մեջ: Գծագիրը գնվել է մասնավոր կոլեկցիոների կողմից 250 հազար եվրոյով, որը համարյա երկու անգամ գերազանցում է նախնական գինը: Այս մասին գրում է The Irish Times-ը:
Ավելի վաղ BBC News-ն այդ գծագիրն ավելի թանկ էր գնահատել՝ 250 հազար ֆունտ ստերլինգ (290 հազար եվրո): Աճուրդն իրականացվել է Անգլիայի Ուիլշեր դքսությունում, Henry Aldridge and Son աճուրդային տանը: Գնորդի անունն անհայտ է:
10×1.5 մետր չափեր ունեցող գծագիրը առաջին անգամ ցուցադրվել է 2011թ.-ին Դուբլինում բացված ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված է եղել «Տիտանիկին»: Այն արված է 1912 թ.-ի դեպքերը վերարտադրելու համար, որի հետևանքով նավը խորտակվեց: Գծագրի վրա նշված են այսբերգի հետ «Տիտանիկի» բախման տեղերը: Քննության համար ստեղծված այս 10 մետրանոց գծագիրը ապացուցել է, որ նավը խորտակվել է հենց այսբերգի հետ բախման արդյունքում, այլ ոչ թե ուրիշ պայմաններում:
«Տիտանիկը» խորտակվել է 1912 թ.-ի ապրիլի 15-ին իր առաջին ուղևորության ժամանակ: 2224 ուղևորներից հաջողվել է փրկել միայն 711-ին: Այդ ժամանակ «Տիտանիկը» գոյություն ունեցող նավերից ամենամեծն է եղել:











































