ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունից հետո տարբեր մեկնաբանություններ են հնչում թե՛ հայ, թե՛ միջազգային քաղաքական գործիչների, փորձագետների մակարդակով։
Եվ թեև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանն այլընտրանք չուներ, իսկ Եվրամիությունը հաշվի կնստի կատարված փաստի հետ և Հայաստանի հետ համագործակցության այլ ձևաչափ կգտնի, մի փոքր այլ կարծիք ունի Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
«Առաջին լրատվական»-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ինչին ի պատասխան՝ Համբարյանն ասաց. «Մենք միշտ այն համոզմունքին ենք եղել և կարևորում ենք, որ Հայաստանն ինչպես տարբեր տնտեսական գործընկերներ ունենա, այնպես էլ ռազմավարական շատ տարբերակներ՝ միջազգային հարաբերությունների առումով։ Սա է մեր դիրքորոշումը»:
Այն հարցին, թե իր գնահատմամբ՝ ինչո՞վ է պայմանավորված 4 տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելը և մեկ օրում այդ ամենից հրաժարվելը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեզ համար դժվար է իմանալ մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ սրանք այնքան կարևոր որոշումներ են, որ ազդում են բոլոր հայերի վրա, այդ իսկ պատճառով գործողությունների մեջ որքան շատ թափանցիկություն լինի, այքան շատ կարելի է ստանալ հանրային աջակցություն: Սակայն մասնավոր որոշում այս հարցի վերաբերյալ չունեմ, ուղղակի կարևոր է, որ այս տեսակ մեծ որոշումները պետք է ունենան որքան հնարավոր է շատ թափանցիկություն: Սա դժվար որոշում էր, բայց սա մեր որոշումը չէր՝ սա ՀՀ կառավարության որոշումն էր»:
Հետաքրքրվեցինք նաև, թե որպես ԱՄՆ-ում այսինքն՝ Արևմուտքում բնակվող անձ, հայ համայնքի հետ պարբերաբար շփում ունեցող մարդ, ի՞նչ է կարծում՝ այս որոշումն ինչպե՞ս կանդրադառնա հենց Արևմուտքի հայերի վրա, ինչին ի պատասխան՝ Արամ Համբարյանն ասաց. «Մենք շարունակելու ենք տքնաջան աշխատել, նպաստել հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների լավացմանը, դրանք էլ ավելի խորացնել: Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի շուկան շատ տարբերակներ ունի, և մենք աշխատում ենք այդ ամենն ամրապնդելու համար»:
Արամ Համբարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, թե այն որոշումը, որ ՀՀ նախագահն ընտրեց, իր կարծիքով՝ պետք է ավելի թափանցիկ լիներ. «Հիշու՞մ եք՝ 2009 թվականի ապրիլի 22-ին հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ նույնպես գաղտնի որոշում ընդունեցին: Դա վստահություն չի ներշնչում, Ազգային ժողովը պետք է խոսեր այդ մասին, իրենք պետք է խոսեին, թերթերը պետք է գրեին։ Մենք կողմնակից ենք թափանցիկ գործողություններին»:










































