Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Չինաստանի ոստիկանությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել բոլոր այն ցուցարարների ընտանիքներին, որոնք զոհվել են 1989թ. մայրաքաղաքի կենտրոնական Տյանանմեն հրապարակի հանրահավաքը ցրելիս:
Ըստ «Տյանանմենի մայրեր» իրավապաշտպան կազմակերպության տվյալների` 2011թ. փետրվարից Չինաստանի իրավապահները հանդիպել են զոհերի հարազատների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել է հնարավոր փոխհատուցման հարցը: Հատկանշական է, որ մինչև հիմա Չինաստանի իշխանություններն արգելում էին այդ թեմայով խոսել: «16 տարի շարունակ մենք իշխանություններին կոչ էինք անում երկխոսության, սակայն ոչ մի պատասխան չէինք ստանում: Այս տարի լռությունը խախտվեց»,- նշում են «Տյանանմենի մայրեր» կազմակերպությունում:
Նաև ասվում է, որ այդուհանդերձ Չինաստանի իշխանությունները չեն պատրաստվում հրապարակայնորեն ներողություն խնդրել հանրահավաքի ժամանակ սխալ գործողությունների համար, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:
Հիշեցնենք, որ 1989թ. հունիսի 4-ին Պեկինի կենտրոնում ուսանողական հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը գործադրել է բռնի ուժ և զորք է մտցրել Տյանանմեն: Պաշտոնական տվյալներով, զոհվել է 241 մարդ: Ոչ պաշտոնական աղբյուրները խոսում են հազարավոր զոհերի մասին:








































