Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պատրաստ է սեպտեմբերի 30-ին կայանալիք դատավարությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իր դեմ ներկայացված հայցադիմումի նպատակը մեկն է՝ իրեն լռեցնել, շեղել իր պայքարի ուղուց, սակայն դա անիմաստ զբաղմունք է. նախկին քաղաքապետը շարունակելու է հանրության դատին ներկայացնել իր բացահայտումները:
«Հետաքրքիր դատավարություն է լինելու Դավիթաշեն-Աջափնյակ վարչական շրջանների դատարանում: Մենք, բնականաբար, պատրաստ ենք այդ դատավարությանը, և գտնում եմ, որ դատավոր Անի Մխիթարյանն ունի արդար վճիռ կայացնելու հնարավորություն, իսկ կկայացնի, թե ոչ՝ դա արդեն իրենից է կախված»,- ասաց նա:
Հարությունյանը զավեշտալի է համարում նախկին մարզպետի՝ իր դեմ ներկայացրած քաղաքացիական հայցը և վերջին օրերի որոշ զարգացումները, օրինակ՝ Արևիկ Միրզոյանի հայցն իր դեմ: Նրա խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանը «բռնել է իր սիրուհի Արևիկ Միրզոյանի փեշից», նրան թուղթ է դեմ տվել, որը նա ստորագրել է (անհայտ է՝ ինչի դիմաց)՝ իբր նախկին մարզպետը չի կրակել իր վրա, ինքը լավ չի հիշում՝ ով է կրակել, որովհետև մութ է եղել, իբր կրակողները երկու թմրամոլներ են եղել:
«Հիմա ոչ միայն դա է ասում, այլև նշում է, որ եղել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանի, այլ իմ՝ Սամվել Հարությունյանի սիրուհին: Ես, իհարկե, պաշտպանվելու կարիք չունեմ, դա զավեշտալի է, ես ընդամենը խղճում եմ այդ արարածին»,- ասաց նախկին քաղաքապետը:
Վերջինիս համոզմամբ՝ Արևիկ Միրզոյանը դարձել է կույր գործիք: Օրեր առաջ Հարությունյանը դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին՝ հայտարարությամբ (հաշվի առնելով, որ Արևիկ Միրզոյանը զավակների, թոռների հետ բնակվում է Քաշաթաղի շրջանում), որպեսզի նրան՝ որպես զրպարտողի, նախկին մարզպետի գործիք դարձած կնոջ, կանգնեցնեն քրեական պատասխանատվության առաջ:
«Ես պայքարս շարունակելու եմ: Իհարկե, որևէ պատրանք չունեմ, որ Հայաստանում մի դատարան այս համակարգի պայմաններում կարող է արդար վճիռ կայացնել, դա բացառվում է, բայց կա նաև Պարգև Օհանյանի օրինակը, ով քաջություն գտավ ճիշտ վճիռ ընդունելու և հրաժարական տալու»,- ասաց նա:
Հարությունյանը չի հուսահատվում, անարդար վճիռ կայացվելու դեպքում վերջինս արդարություն կփնտրի Հայաստանից դուրս՝ դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
Գորիսի նախկին քաղաքապետը նաև նոր բացահայտումներ է խոստանում: Նրա փոխանցմամբ՝ առաջիկա օրերին հրապարակվելու են մի շարք փաստեր: Մերկացումները շարունակվելու են:
Լուսանկարը՝ Photolure-ի










































