Գեներալ Նաբիլ Ֆարաղը, որն զբաղեցրել է Գիզայի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը, զոհվել է երեքշաբթի զինված ծայրահեղականների հետ բախումների ժամանակ Կահիրեի Քերդաս արվարձանում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳՆ մամլո ծառայությունը:
Գեներալը զոհվել է հիվանդանոցի ճանապարհին ստացված վերքերից:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ արևածագին Եգիպտոսի ոստիկանությունը և բանակը սկսել են Քերդասը զինված ծայրահեղականներից մաքրելու գործողությունը, որին մասնակցում են մարտական ուղղաթիռներ, բանակի հարյուրավոր զինծառայողներ:
Ուժայինները փակել են Քերդասից դուրս գալու ճանապարհները և բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից և հաղորդել կասկածելի տարրերի մասին:
Առկա տեղեկատվության համաձայն՝ գրոհայիններն ուժայինների ուղղությամբ կրակ են բացում դպրոցների, մզկիթների և բնակելի տների տանիքներից: Կան տասնյակ ձերբակալվածներ:









































