Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն այսօր եղել են Գորիսի վերակառուցված բժշկական կենտրոնում: Նրանք ծանոթացան կենտրոնի պայմաններին և հնարավորություններին: Այս մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածած հաղորդագրությունում։
Կենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում, հագեցվել բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Տարեսկզբից հաստատությունն արդեն որակյալ բուժծառայություններ է մատուցում քաղաքի և տարածաշրջանի բնակչությանը: Բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2.9 մլն դոլար:
Հյուրերն այցելել են նաև Գորիսի պետական համալսարան, հանդիպել դասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախկինում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը 2006թ.-ից արդեն գործում է որպես առանձին համալսարան:
Պատվիրակությանը ներկայացվել է համալսարանի պատմությունը, զարգացման հեռանկարները: Նշվել է, որ նախկին 2-3 մասնագիտությունների փոխարեն, ներկայումս բուհն ունի 11 մասնագիտություն և շուրջ 2000 ուսանող:
Այցի ավարտին ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը եղել են Տաթևում: