ԱՄՆ բնակիչները հավաքել են ավելի քան 72 հազար դոլար՝ որպես նվիրատվություն Բոստոնի անտուն բնակչին, որը ոստիկանություն էր տարել խոշոր գումարով լի պայուսակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Անցած հանգստյան օրերին անօթևան աֆրոամերիկացի Գլեն Ջեյմսը Բոստոնի առևտրի կենտրոններից մեկում գտել էր պայուսակ, որում եղել էր 2400 կանխիկ դոլար և մոտ 40 հազար դոլարի ճանապարհորդական կտրոններ:
Մուրացիկ անօթևանի համար դա մի ամբողջ կարողություն էր, որը կարող էր լիովին փոխել նրա կյանքը: Սակայն Ջեյմսը առանց վարանելու պայուսակը հանձնել է ոստիկանությանը:
Երկուշաբթի Բոստոնի ոստիկանապետ Էդ Դևիսը անցկացրել է մամլո ասուլիս և Ջեյմսին հանձնել շնորհակալական նամակ:
55-ամյա տղամարդը լրագրողներին հայտնել է, որ խոսքի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողանում աշխատանք գտնել ու ստիպված է զբաղվել մուրացկանությամբ:
Իմանալով տղամարդու ճակատագրի մասին՝ Վիրջինիայի 23-ամյա բնակիչ Իթան Ուիթինգթոնը որոշել է նախաձեռնել դրամահավաք:
Ներկայում նրա հաշվեհամարին է փոխանցվել ավելի քան 72 հազար դոլար:








































