«Առավոտ» օրաթերթը իր այսօրվա խմբագրականում գրում է. «Բոլորս քննադատեցինք ՀՅԴ խմբակցության երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, որը կոռուպցիայի մասին ոչ հրապարակային ազդարարումը համարեց «հայի տեսակին» ոչ վայել և կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներով խրախուսվում է «գործ տալը»: Բայց նա արձանագրել է Հայաստանի բնակչության 90 տոկոսի համոզմունքը:
Ավելին ասեմ՝ թեև մենք՝ քննադատողներս, տեսականորեն համաձայն չենք Անդրանիկի հետ, բայց սովորաբար մենք մեր առօրյա պրակտիկայում վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է պատգամավորը: Եվ դա վերաբերում է ոչ միայն կոռուպցիային:
Երբ երթուղային տաքսու վարորդը ծխում է, արդյոք մենք նրան դիտողությո՞ւն ենք անում: Իսկ երբ մեր նկատողությանն ի պատասխան վարորդը մեզ ուղարկում է հայտնի ռուսական հասցեով, մենք ի՞նչ է՝ գրի ենք առնում մեքենայի համարանիշը ու դիմում ենք քաղաքապետարա՞ն: Ոչ, լավագույն դեպքում մենք էլ նրան նույն տեղը կուղարկենք: Եվ բոլոր արդարացումները, թե չենք ուզում, որ այս խեղճ մարդը տուժի, որ նա ընտանիք է պահում եւ այլն, դրանք բոլորը սուտ են: Իրականում մենք վախենում ենք: Վախենում ենք հասարակական կարծիքից եւ «վատամարդ» դուրս գալուց:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:








































