Հարևան Իրանում կատարյալ շոկ է: 1979թ.-ի Իսլամական հեղափոխությունից հետո այս երկրի էլիտան և հասարակությունը կարող էին հպարտանալ, որ կայունության և անվտանգության կղզի են՝ տարածաշրջանի անհանգիստ հարևանների հետ համեմատած:
Այսօր այդ հպարտությունը փլվեց. միջազգային ահաբեկչությունը թափանցեց Իրան կամ, այս երկրի պարագայում տեղին է ասել, փոխադարձեց պատասխան գործողություններով: Ըստ նախնական տվյալների՝ խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանում կրակոցներ արձակած մահապարտներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են: Այս պահին խոսվում է առնվազն յոթ զոհերի, խորհրդարանի շենքում պահվող պատանդների մասին:

Թեհրանի արյունոտ իրադարձությունները ևս մեկ անգամ բացահայտում են փակ համակարգերի, ռեժիմների խոցելիությունը: Դրանք կայուն են միայն կարճաժամկետ կտրվածքով և ավելի շատ կայունության պատրանք են ստեղծում՝ հաճախ դառնալով ռեպրեսիվ մեքենա սեփական քաղաքացիների համար, քան արդյունավետ գործիք, որը կոչված է պաշտպանելու նրանց իրավունքները:
Թեհրանի զույգ ահաբեկչությունները չեղարկեցին, հիմնավորապես սնանկացրին մեկ այլ թեզ ևս, թե ահաբեկչության թիրախ են դառնում այն երկրները, որոնք խոցելի են իրենց բաց համակարգերի պատճառով: Այսօր գլոբալ ահաբեկչության ձեռքերը հասնում են ամեն տեղ, սակայն եթե նույն եվրոպական երկրներն ահաբեկչության հետևանքներն ու շոկը արագ հաղթահարում են իրենց համակարգերի կենսունակության և դինամիզմի շնորհիվ, ապա Իրանում այդ գործընթացն ավելի երկարատև ու ցավագին է լինելու որոշումների ընդունման ոչ հրապարակային ու բարդ ընթացակարգերի հետևանքով:

Ահաբեկչության ենթարկված եվրոպական երկրների հասարակությունները դրանց հետևանքները հաղթահարում են ժողովրդավարության և ազատության գաղափարների կենսունակության, հզոր պոտենցիալի շնորհիվ: Իրանում դժվար է գտնել այդ ռացիոնալ կոնսոլիդացնող գաղափարը: Որպես այդպիսին, ավանդաբար ծառայող իսլամի գաղափարը տվյալ դեպքում աշխատել չի կարող, որովհետև կրակողներն, ի վերջո, իրենց զազրելի արարքը նույնպես կատարել են իսլամի անունից:
Այս ահաբեկչության հետ կապված զանազան վարկածներ կքննարկվեն՝ սուննիների և շիաների հավերժ հակամարտություն, Սիրիա, Պարսից ծոցի նոր ճգնաժամ, որում առանցքային է իրանական թեման և այլն: Սակայն էական է այլ՝ ավելի էական հանգամանք: Ծայրահեղականությունը, ֆանատիզմը, ագրեսիվությունը միշտ ծնում են բռնություն:

Այսօր Իրանը դարձավ դրանց թիրախը՝ հենց ինքը տարիներ շարունակ լինելով կոնֆրոտացիոն մոդելի կրող և տարածող Մերձավոր Արևելքում: Բումերանգի օրենքը գործում է՝ վաղ թե ուշ:









































