ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` գնահատելու գերմանական կողմի աջակցությամբ իրականացված ծրագրերի ընթացքը, շահագրգիռ կառույցների հետ քննարկելու համագործակցության նոր ծրագրի առաջնահերթությունները:
ՏԿՆ հասարակայնություն հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղություններին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվելիք հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
«Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր: Կառանձնացնեի մարզերում ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ծրագրերը, որոնք միտված են նոր որակի համայնքների ձևավորմանը»,-նշել է Ա. Գևորգյանը` բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
Ա. Գևորգյանը գոհունակություն է հայտնել, որ KfW-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել կոշտ կենցաղային աղբի վերամշակման, կառավարման համակարգում իրականացված աշխատանքների և ջրօպերատոր ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող ավելի քան 500 համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման բարելավման հարցերում: Նա նաև արդյունավետ համարեց GIZ-ի աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» և «Հողերի էրոզիայի վերահսկողության ինտեգրացված միջոցառումներ Հարավային Կովկասում» ծրագրերը:
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար շարունակում են առաջնահերթ մնալ համագործակցության նախանշված ուղղությունները:
Գերմանական պատվիրակության ներկայացուցիչները ևս գոհունակություն են հայտնել ծրագրերի ընթացքից և շնորհակալություն հայտնեցին ծրագրերի իրականացման նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու համար:










































