«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։
– Պարոն Բադասյան, ICG-ի զեկույցի համաձայն՝ Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվոմ։ Խմբի պատրաստած 40 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմին, 2014 թվականի օգոստոսի սահմանային լարվածությանը և հետևություն է արվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը։ Համամի՞տ եք։
– Իրենք դա ներկայացրել են որպես վերլուծություն և ոչ որպես ինֆորմացիա, բայց մեր խնդիրն է դա նկատի ունենալ։ Մենք՝ առաջին գծին մոտ ապրողներս, դա տեսնում ենք, տեսել ենք դեռևս 2014 թվականից, և այո՛, կարծում եմ՝ առաջիկայում լուրջ գործողություններ են լինելու։ 2015-16 թվականներին նրանք ոչ միայն հրադադարի ռեժիմն էին խախտում, այլև դիվերսիոն ներթափանցման փորձեր էին լինում, ընդհուպ մինչև մեր թիկունքում տեխնիկայի ոչնչացում։ Պարզ երևում էր, որ իրավիճակը սրացման է գնում։ Ապրիլյան գործողություններից 7-8 օր առաջ նրանք փաստորեն մեր թիկունքում զինտեխնիկա էին պայթեցրել, և դրան հաջորդեց ապրիլը։ Այսօր իրենք նորից դիվերսիոն ներթափանցման փորձեր են արել, որոնք կանխվել են։ Պարզ երևում է, որ իրենք ուզում են ռազմական առավելության հասնել։ Բայց իրենց արածները թողնենք իրենց և մտածենք՝ իսկ մենք ի՞նչ պետք է անենք։ Մենք ամեն ինչ կարող ենք անել այդ գործողությունները կանխելու համար, պատերազմը չեզոքացնելու համար։ Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի են այդ քայլերը կատարել։ Նրանք ոչ թե չեն ուզում, այլ ի վիճակի չեն։ Ինչո՞ւ. պարզ ասեմ։ Երբ մարտական գործողությունները սկսվում են, դրանք կազմակերպել և վարել է պետք։ Հայաստանի իշխանությունները դրա ո՛չ հնարավորությունը, ոչ էլ խելքն ունեն։ Սա է խնդիրը։ Առաջ դաշտային հրամանատարներին տրված էր ինքնուրույն գործելու հնարավորություն։ Այն ժամանակ մարտերը վարում էին դաշտային և պաշտպանական շրջանների հրամանատարները, Արցախի բանակի հրամանատարությունը։ Հիմա այդ մարդիկ ունեն խելքը, բայց հնարավորություն չունեն, որովհետև կենտրոնից պետք է հրաման գա, իսկ այնտեղից նման հրաման արձակելու ընդունակություն չունեն։ Այդ պատճառով էլ խաղաղություն են աղերսում և ինչի՞ դիմաց՝ տարածքների՞։ Նրանց թվում է՝ եթե այդ տարածքները հանձնեն ու կրակոցներին չպատասխանեն, հակառակորդը բավարարվելու է։ Բայց դա այդպես չէ, երբեք էլ այդպես չի եղել։
– ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ սահմանին իրավիճակը կայուն լարված է, անհրաժեշտության դեպքում վերջնական հարված կհասցվի։
– Այո, ՊԲ-ն կարող է անել, իմ խոսքը ավելի բարձր հրամանատարության մասին է, իսկ գլխավոր հրամանատարը ոչ միայն ինքն է վախենում, այլև ժողովրդին ու իր կոլեգաներին է վախեցնում։ Նա իր ձեռքն է վերցրել ամեն ինչ ու վախենում է։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ընտանիքում հայրն ամեն ինչ վերցնի իր ձեռքն ու վախենա, չէ՞ որ ընդհակառակը պետք է լինի՝ երբ երեխաները վախենան, ինքը հորդորի չվախենալ։ Գլխավոր հրամանատարը պետք է ամեն ինչի ընդունակ լինի, իսկ եթե ոչ՝ այդ լիազորությունները թող հանձնի դաշտային հրամանատարներին, նրանց անձնական նախաձեռնությունները խրախուսի, ոչ թե պատժի, ինչպես որ անում է։
– Զեկույցի մեջ նշվում է նաև, որ ապրիլյան բախումների ընթացքում արձանագրած հաջողություններից հետո ադրբեջանական բանակում ներքին վստահության աճ է նկատվում, և որ Բաքուն ի վիճակի է ռազմական ճանապարհով վերահսկողություն սահմանել տարածքների գոնե մի մասի հանդեպ:
– Ինչ ուզում են անեն՝ թուրքը մնում է նույն թուրքը։ Մենք պետք է մտածենք մեր անելիքների մասին։ Իրենք կարող են դառնալ գերհզորներին հավասար, ամենաժամանակակից սպառազինությունը վերցնեն։ Բայց ասեմ, որ 90-ականների սկզբին իրենց առավելությունն ավելի շատ էր, քան հիմա, ու հիմա մենք շատ բան կարող ենք անել պատերազմը կանխելու համար, ու եթե դա անենք, մեզ կհարգի առաջին հերթին՝ Ադրբեջանը, երկրորդ հերթին՝ միջազգային մարմինները։ Ուժեղ լինելը միշտ հարգված է։ Հանուն խաղաղության գործելը միշտ էլ հարգվում է։ Բայց այսօր մեր գլխավոր հրամանատարը դասեր չի քաղում, և հզորացմանն ուղղված քայլեր չեն արվում։ Բայց նրա մտքին չկա դա, ինքն այդ կերպարի մեջ չկա, մենք իրեն լավ ճանաչում ենք, գիտենք՝ ինչի է ընդունակ։
– Իսկ կարո՞ղ է հիմա պարզապես ժամանակ է ձգվում, 2018-ին իր հետևորդներին թողնելու համար։
– Ո՛չ, ի՞նչ եք խոսում։ Նա ուզում է պատասխանատվությունը պահել մինչև 2040 թիվը ու ամեն ինչ վարի տալ։ Իր համար Երևանի կենտրոնում մի աթոռ լինի, մի հատ էլ Ամուլսարի նման հանքավայր՝ իրեն լրիվ հերիք է, մնացած ամեն ինչը կարող է հանձնել։









































