«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թե Սերժ Սարգսյանը և թե Կարեն Կարապետյանը արդեն հայտարարել են, որ առաջիկայում Հայաստանից արտահանման ծավալները պետք է կազմեն մեր համախառն ներքին արդյունքի մոտ 40-45 տոկոսը:
Այսինքն՝ եթե այդ «թվաբանությունը» մտովի պրոյեկտենք այսօրվա իրականության վրա, ապա Հայաստանից արտահանման ծավալները հիմա պետք է կազմեին 4.5-5 միլիարդ դոլար, քանի որ մեր համախառն ներքին արդյունքը մոտ 11 միլիարդ դոլար է ներկայումս: Սակայն հիմա Հայաստանից արտահանումը կազմում է ընդամենը 1.8 միլիարդ, կամ ՀՆԱ-ի 16-17 տոկոսը: Ու այնպես չէ, որ արտահանման ծավալները երեք անգամ մեծացնելով` կարելի է հասնել նշված ցուցանիշին: Դրան զուգահեռ, Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ասելով՝ աճելու է նաև ՀՆԱ-ն: Ու եթե մեր ՀՆԱ-ն մի քանի տարի անց մի հրաշքով դառնա, ասենք, 20 միլիարդ դոլար, ապա արտահանման ծավալները, ըստ մեր ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, պետք է կազմեն արդեն 8-9 միլիարդ դոլար, կամ 4-5 անգամ ավելի, քան հիմա է:
Տեսականորեն դա լուծելի խնդիր է: Աշխարհում կան երկրներ, ընդ որում` չափերով շատ փոքր, որոնց հաջողվել է ավելի մեծ խնդիրներ լուծել: Այլ կերպ ասած, անհնարին ոչինչ չկա: Բայց արդյոք Հայաստանը կհամալրի՞ այդպիսի հաջողված երկրների շարքը: Այնպես չէ, որ մի օր մենք արթնանալու ենք ու տեսնենք, որ արտահանման ծավալները այդ օրը առավոտյան աճել են 4-5 անգամ: Դա պետք է ունենա ընթացք` տարին տարվա համեմատ մեր տնտեսությունը պետք է ունենա որակական աճ, արդիականանա, ներդրումներ լինեն, արտադրվեն մրցունակ ապրանքներ… Կա՞ արդյոք այդ ընթացքը:
Եթե ամփոփենք, ասենք, վերջին շրջանի տնտեսական լրահոսը, ապա կարձանագրենք, որ Հայաստանում հիմնականում կառուցվում են սուպերմարկետներ, մոլեր, առևտրի կենտրոններ… Լավ է, որ կառուցվում են, բայց դրանք որևէ կերպ չեն կարող հանգեցնել Հայաստանից արտահանման ծավալների աճին: Դրանց «բովանդակությունը» ընդամենը ներքին սահմանափակ ռեսուրսը վերաբաշխելն է: Այսինքն՝ մարդիկ իրենց ունեցած գումարը ծախսում են ոչ թե X խանութում, այլ Y մոլում: Դրանից մարդկանց ունեցած գումարը չի ավելանում, նույնիսկ նոր աշխատատեղ չի ստեղծվում: Այդ նորակառույց մոլերում ու սուպերմարկետներում ստեղծված աշխատատեղերը ի վերջո այլ առևտրային օբյեկտում փակված աշխատատեղերի հաշվին են:
Մի խոսքով, այն, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը, ամենևին չի խոսում այն մասին, որ արտահանման ծավալների կտրուկ աճին միտված գործընթացներ են տեղի ունենում: Իհարկե, նման աճին որոշ չափով կարող է նպաստել հանքարդյունաբերությունը, բայց նույնիսկ այս ոլորտի ռեսուրսը բավարար չէ արտահանումը 4-5 անգամ ավելացնելու համար:
Նրանք, ովքեր ունեն ֆինանսական մեծ հնարավորություններ և չեն դիմում բանկերին վարկեր ստանալու համար, իրենց գումարները ուղղում են սուպերմարկետների ու մոլերի կառուցմանը: Մնում է պարզել, թե այդ ինչի վրա են հույս դրել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, երբ կանխատեսում են արտահանման ծավալների կտրուկ աճեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Photolure-ի










































