Sunday, 05 05 2024
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով

Մատով չեմ կպել… Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը պահանջում է շտապ քննել-ավարտել գործը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ  որոշ ընդմիջումից հետո շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

«Գործով չպարզված հանգամանքներում» Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը վաճառել է գրավադրված բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ վաճառքի գումարից  19 հազար 500 դոլարը նա պետք է հանձներ Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

Նա իր «Օպել» մեքենան օրավարձով վարող Արթուր Միհրանյանին խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում գումար տալ:

Գևորգը Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս են պատվիրել, բայց Կարենը գնել է միայն մեկ տոմս:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից վերցրել են Կարեն Վարդանյանին՝ ասելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում, ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ է գրել, իբր՝ Դուբայում է, այդպիսով փորձել է կատարված հանցագործության հետքերը թաքցնել:

Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Գևորգ Զոհրաբյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ամբողջ հանցանքը փորձում է իր վրա վերցնել Արթուր Միհրանյանը:

Դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում է:

Նախագահողը տեղեկացրեց, որ ոստիկանության Մալաթիայի բաժնից ստացված տեղեկանքի համաձայն՝ վկա Հայկ Թ.-ին բերման ենթարկել հնարավոր չի եղել՝ նշված հասցեի բնակարանի դուռը փակ է եղել, իսկ հարևանն ասել է, թե Հայկն այնտեղ ապրել է վարձակալությամբ, բայց մոտ մեկ տարի է՝ այլևս այնտեղ չի բնակվում:

Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունից դատարանի հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ Հայկ Թ.-ն բնակչության ռեգիստրի տվյալներում գրանցված չէ:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկա Հայկ Թ.-ի նախաքննական ցուցմունքը: Դեմ արտահայտվեցին միայն ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանն ու նրա շահերի պաշտպանը՝ նշելով, որ եթե վկային հայտնաբերել հնարավոր չի եղել, ապա նրա ցուցմունքը պետք է հանել ապացույցների շարքից:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Հրապարակվեց Հայկ Թ.-ի նախաքննական ցուցմունքը:

Հայկ Թ.-ն ընտանիքի հետ վարձակալությամբ բնակվել է Կարեն Վարդանյանի շենքի հարևանությամբ գտնվող շենքերից մեկում: Նա օրավարձով վարել է ոմն «Խչոյի» «Օպելը»: «Խչոն», ըստ Հայկ Թ.-ի, ինչ-որ հանցավոր արարքի համար ներկայումս պատիժ է կրում «Հրազդան» ՔԿՀ-ում:

2016 թվականի մարտի 24-ի առավոտյան Հայկը մոտեցել է շենքի բակում կանգնեցրած «Օպելին». ձյուն էր եկել, ցուրտ էր, մեքենայի համարանիշը սառցակալել էր: Հայկը նկատել է, որ մեքենայի դիմապակու «չոտկերի» տակ «Վիվասելի» քարտ կա: Զարմացել է, այդ քարտը տեղադրել է իր բջջային հեռախոսի մեջ, որպեսզի պարզի՝ ում քարտն է, ու վերադարձնի տիրոջը: «Հաղորդագրություններ» բաժնում եղած հաղորդագրություններից իմացել է, որ քարտի տիրոջ անունը Կարեն է, նաև՝ եղել է նրա ֆեյսբուքյան էջի կոդը՝ թվերով:

Հաղորդագրություններից մեկի հեռախոսահամարով Հայկը զանգահարել, խոսել է մի տղայի հետ, ով ասել է, թե Կարեն անունով ծանոթ ունի, նա ապրում է Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում՝ կոնկրետ հասցեն չգիտի: Տղան ասել է՝ իր իմանալով Կարենը պիտի որ Դուբայում լինի:

Հայկն ասել է, թե ինքն էլ է Լենինգրադյանի շենքերում ապրում, խնդրել է, որ այդ տղան ուղարկի Կարենի լուսանկարը, միգուցե ինքը ճանաչի նրան: Մի քանի րոպե անց ստացել է Կարենի լուսանկարը, չի ճանաչել: Բայց սկսել է իրենց ու հարևան բակերում հարցուփորձ անել: Մեկը ճանաչել է Կարենին, ցույց է տվել նրա շենքը, ասել է, թե որ բնակարանում է ապրում:

Հայկը գնացել, թակել է Կարենի բնակարանի դուռը, բացող չի եղել: Կողքի դուռն է թակել, հարևանուհին ասել է, թե Կարենը քաղաքում չի: Հայկը բացատրել է, որ Կարենի հեռախոսի քարտը անհայտ ճանապարհով հայտնվել է իր մեքենայի «չոտկերի» տակ, և ինքը ցանկանում է իմանալ՝ ինչպես է քարտն ընկել այնտեղ, բացի այդ՝ ցանկանում է քարտը վերադարձնել անձամբ տիրոջը:

Նա քարտը չի տվել հարևանուհուն, ասել է, որ այն կհանձնի Կարենին, երբ նա վերադառնա Երևան: Դուրս է եկել Էդգար անունով հարևանը, առաջարկել է քարտը թողնել իր մոտ, բայց Հայկը բացատրել է իր տան տեղն ու ասել է՝ թող Կարենն անձամբ գա քարտի հետևից:

Այնուհետև Հայկի բարեկամուհին ասել է, թե եկել էր Գևորգ անունով մի երիտասարդ, ասել է, թե ինքը Կարենի ընկերն է, ուզել է նրա քարտը, բայց բարեկամուհին չի տվել:

Հայկը զանգել է Գևորգին, հանդիպել են շենքի բակում: Գևորգն ասել է, թե Կարենի քարտը եղել է իր մոտ, ինքն է կորցրել այն, Կարենը քարտը թողել, մեկնել է Դուբայ:

Հայկը հարցրել է՝ ի՞նչ պայմաններում է Գևորգը կորցրել քարտը, որ այն հայտնվել է իր մեքենայի «չոտկերի» տակ: Գևորգը չի կարողացել բացատրել, ասել է, թե չի հիշում, ինչը կասկածելի է թվացել Հայկին, նա ասել է, թե քարտը կվերադարձնի միայն անձամբ Կարենին: Հայկն ասել է նաև, թե իր մեքենայի դիմապակու ներսի հատվածում «վիդեոռեգիստրատոր» կա, որով երևի տեսագրված կլինի քարտի՝ մեքենայի վրա հայտնվելու պահը:

Հաջորդ օրը Գևորգն ու Էդգարը Հայկին սպասել են բակում: Գևորգը հետաքրքրվել է՝ Հայկը դիտե՞լ է «վիդեոռեգիստրատորի» նկարած նյութը: Հայկն ասել է, թե ուշադիր չի նայել, հստակ բան չի երևում:

Գևորգն առաջարկել է, որ Հայկը քարտը ջարդի-դեն գցի, իսկ ինքը Կարենին կասի, թե քարտը կորել է: Նա ասել է նաև, թե Կարենն այլևս նախկին բնակարանում չի ապրում:

Հայկն ասել է, թե քարտը չի ջարդի, այլ կվերադարձնի Կարենին:

Օրեր անց Կարենի շենքի մոտով մեքենայով անցնելիս Հայկին թվացել է, թե Կարենի պատշգամբում լվացք է կախված: Մտածել է՝ Կարենը վերադարձել է: Գնացել, թակել է բնակարանի դուռը, ոչ ոք չի բացել:

Հարևանուհին է դուրս եկել, ասել է, թե հնարավոր չի՝ Կարենի պատշգամբում լվացք փռած լինի, քանի որ Կարենի հետ բնակվող աղջիկը մարտի 29-ին տեղափոխվել է, բնակարանում ոչ ոք չի ապրում: Կինն ասել է՝ ի՞նչ եք էդ քարտի հետևից ընկել, դեն գցեք, գնա: Հայկը պատասխանել է, թե քարտը չի գցի, այլ կհանձնի ոստիկաններին, թող պարզեն՝ ո՞ւր է տերը:

Քարտով շարունակել են հետաքրքրվել: Հայկը Էդգարին է տվել իր վարած մեքենայի տիրոջ՝ «Խչոյի» համարը: «Խչոն» խոսել է Էդգարի, ապա Գևորգի եղբայր Արթուրի հետ: Վերջինս «Խչոյին» ասել է, թե քարտի տեր Կարենը բնակարանը նվիրատվություն է արել իրենց, դա իրենց տունն է հիմա, և ինքը չգիտի՝ Կարենի հեռախոսի քարտն ինչպես է հայտնվել եղբոր՝ Գևորգի մոտ:

Հայկի բարեկամուհու միջոցով «Խչոյի» «վայբերի» համարը պարզել է մի տղա, նա «Խչոյին» ասել է, թե Կարենն իր մոտ ընկերն է: «Խչոն» պատասխանել է, թե քարտը կտան միայն Կարենին՝ անձամբ:

Այնուհետև Հայկի տուն են գնացել երեք տղա ու մի աղջիկ՝ Դանիելը, Ֆիլիպը, Տաթևիկը…  Նրանք ներկայացել են որպես Կարենի ընկերներ, ասել են, որ Կարենին փնտրում ու չեն գտնում, խիստ անհանգստացած են: Հայկը նրանց հայտնել է, որ քարտի մեջ առկա է Կարենի ֆեյսբուքյան էջի կոդը:

Այդ կոդով տղաները բացել են Կարենի ֆեյսբուքյան էջը: Նրանք ասել են, թե Կարենը Հայաստանից դուրս չի եկել: Հայկը հավատացել է նրանց ու տվել է քարտը: Հետո Հայկի հետ կապվել են ոստիկանները, պահանջել են մեքենայի «վիդեոռեգիստրատորի» տեսագրած նյութը:

Հայկը նշել է, որ ինքը Կարենի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունները չի կարդացել, կարդացել են նրա ընկերները:

Ըստ Հայկի՝ իրենց զրույցների ժամանակ Գևորգ Զոհրաբյանը եղել է շփոթված, նա չէր կարողանում պատասխանել՝ ինչպես է կորցրել քարտը, խուսափում էր հարցերից, ինչն էլ առաջին հերթին  կասկածներ է առաջացրել Հայկի մեջ:

Դատարան չէր ներկայացել ևս մի վկա, ով աշխատում է քաղաքապետարանում, նա հայտնել էր, թե խիստ զբաղված է «ստուգումներով», կներկայանա հաջորդ նիստին:

Մեղադրողը միջնորդեց որպես վկա հարցաքննել քաղաքացիական հայցվոր Մարինա Մկրտչյանին: Վերջինս նախաքննության ժամանակ ճանաչվել էր Կարեն Վարդանյանի իրավահաջորդ, բայց դատարանը Գևորգ Զոհրաբյանի պաշտպանի միջնորդությամբ նրան զրկեց այդ կարգավիճակից՝ այն հիմքով, որ նա Կարեն Վարդանյանի մերձավոր ազգականը չէ:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ նախաքննության ժամանակ հարցաքննված Մարինա Մկրտչյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ: Դեմ էին ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանն ու նրա շահերի պաշտպանը: Գևորգ Զոհրաբյանն ասաց. « Գործի հետ կապ չունի ընդհանրապես, չեմ հասկանում՝ նրան ինչու են հարցաքննել որպես վկա»:

Մարինա Մկրտչյանն ասաց, որ Կարեն Վարդանյանն իր հորաքրոջ թոռն էր, նա իր աչքի առաջ մեծացած երեխա էր: Վկան շատ մտերիմ է եղել Կարենի մայրիկի՝ Գայանեի հետ: Իսկ երբ վերջինս հիվանդացել է քաղցկեղով, շատ հաճախ է այցելել նրան, խնամել է, նրա կողքին է եղել վիրահատությունից հետո, մի քանի այլ բարեկամների հետ կազմակերպել է նրա հուղարկավորությունը:

«Գևորգ անունով հարևանի ես երբեք չեմ տեսել Կարենենց տանը»,- ասաց վկան:

Նա ասաց, թե Կարեն Վարդանյանը «ոչ օրդինար մարդ էր՝ մեծ տվյալներով, ֆենոմենալ հիշողությամբ… Նա անգիր գիտեր օրենսգրքերը, ինքն էր կոնսուլտացիա անում ուրիշներին… Նա միամիտ էր կենցաղային հարցերում, բայց հանրագիտարանային գիտելիքներ ուներ… Մարդկանց դասում էր զարգացածների ու ոչ զարգացածների, վերջիններիս հետ չէր շփվում: Ես զարմանում եմ՝ ինչպես է նա շփվել Գևորգի հետ…. Չեմ պատկերացնում՝ ինչպես  է նա բնակարանը նվիրատվություն արել նրան… Կարենը շատ զգուշավոր մարդ էր»: Գործի բերումով, ըստ վկայի, Կարենը հաճախ մեկնում էր գործուղումների:

Երբ վկան իմացել է, որ Կարենի բնակարում ապրում է Տաթև անունով աղջիկ, ուրախացել է, որ Կարենի կողքին կին է հայտնվել, բայց Կարենն ասել է, թե իրենք միայն ընկերներ են:

Վկան ասաց, որ իրենք բարեկամներով միշտ կանգնած են եղել Կարենի թիկունքին, նա ցանկացած ժամանակ կարող էր դիմել իրենց, իրենք բոլոր հարցերը կկարգավորեին: Եվ հարկ չկար վարկային 300 հազար դրամ պարտավորության պատճառով մի ամբողջ բնակարան նվիրատվություն անել ուրիշին:

Վկան հիշեց, որ Կարենին ժամանակին խաբել էր ընկերը՝ Սուրեն Սուրենյանցը, Կարենն իր մայրիկի՝ Գայանեի անունով «Օրանժի» գրասենյակից Սուրենյանցի համար ձեռք էր բերել հեռախոս՝ 70 հազար դրամ արժողությամբ: Այդ վարկային պարտավորությունն էր, որ Սուրենյանցը չէր կատարել, թողել էր Կարենի մայրիկի վրա: Վերջինս էլ բարեկամուհուն ասել էր այդ պարտավորության մասին, բայց նշել էր, թե իրեն երկու-երեք ամսվա կյանք է մնացել, ինքը կմահանա, այդ պարտքն էլ կկորչի՝ չեն պատկերացրել, որ պարտավորությունը, հակառակը, աճելու է  տոկոսներով ու տույժերով:

Երբ վկան իմացել է, որ Կարենը Դուբայ է մեկնելու, մտածել է՝ Արթուր Բաղդասարյանի «Հարթակ» թերթից, որին թղթակցում էր, նրան գործուղման են ուղարկելու:  Փետրվար ամսին վկան Կարենի համար կոշիկներ է գնել:

Վկան նշեց, որ Կարենը իրականում «ձեռքը պինդ» մարդ էր: Նա ավելորդ կոպեկ չէր ծախսի:

Կարենի «մեկնելու» մասին վկան իմացել է Կարենի հարևանուհու զանգից՝ վերջինս տեղեկացրել է, որ Կարենը մեկնել է, բայց ինչ-որ մարդիկ են եկել, ցանկանում են նրա բնակարանի դուռը բացել, ասում են, թե գնել են այդ բնակարանը:

2016 թվականի մարտի 19-ին վկան Կարենի մեկ այլ բարեկամուհու հետ շտապել է Կարենի բնակարան: Այդ օրն էլ նա առաջին անգամ հանդիպել է Գևորգ Զոհրաբյանին: Վկան սկզբում կարծել է, թե նա բրոքեր է պարզապես: Բայց Գևորգը Կարենի բարեկամուհիներին տեսնելով՝ ասել է. « Ո՞վ եք դուք, բա որ Կարենը մորաքույրներ ուներ, մենք ինչի՞ չգիտեինք»:

Ըստ վկայի՝ Գևորգը խառը պատասխաններ էր տալիս, ինչից վկան եզրակացրել է, որ նա սուտ է խոսում: Նա ասել է, թե Կարենը պարտքեր ուներ, թե նա բնակարանը նվիրատվություն է արել իրեն, որ բնակարանը կալանքի տակ չառնեն պարտքերի դիմաց: Ինքն ու Կարենը որոշել են համատեղ բիզնեսով զբաղվել: Բնակարանի գրավով վարկ են վերցրել՝ 8000 և 8500 դոլարի չափով: Բայց հետո բնակարանը դրել են վաճառքի՝ բնակարանի գինը նվազեցրել ու հասցրել են 37 հազար դոլարի: Այն գնել է մի բրոքեր՝ իր նշանածի համար…

Վկան Գևորգին հարցրել է՝ եթե բիզնես էին անում, այդքան վարկ են վերցրել, ո՞ւր են նրանց գրառումները: Գևորգը պատասխանել է, թե բանավոր են արել հաշվարկները:

Վկան հանդիպել է նաև Կարենի հետ ապրող Տաթևիկին, վերջինս ասել է, թե կասկածելի իրավիճակ է առաջացել Կարենի ու նրա բնակարանի շուրջ: Տաթևիկը ցույց է տվել Կարենի ֆեյսբուքյան էջում իբր՝ Կարենի կողմից արված անգրագետ գրառումները, դրանք հնարավոր չէր, որ Կարենն աներ, նա անգրագիտության ամենամեծ թշնամին էր: «Ես հասկացա, որ Գևորգի մատը խառն է, բայց մտքովս չանցավ, որ նա կարող է սպանած լինել…»,- ասաց վկան:

Նա Տաթևիկի հետ սկսել է Ֆեյսբուքով հարցեր տալ «Կարենին», բայց ոչ մի պատասխան չեն ստացել:

Վկան պատմեց, թե ինչպես է ներկա գտնվել Կարենի բնակարանից իրերի շուտափույթ հանմանը: Գևորգը դա բացատրել է նրանով, որ բնակարանի նոր տերը ցանկանում է նորոգել բնակարանն ու վաճառել:

Իրերի հանելը բնակարանից եղել է վերջին կաթիլը, վկան ու Կարենի ընկերները գնացել են ոստիկանություն: Սկզբում նրանց չեն հավատացել, կատակել են, թե երիտասարդը վաճառել է բնակարանը, ձեռքը փող է ընկել, գնացել է Դուբայ: Բայց նրանք չէին ճանաչում Կարեն Վարդանյանին, վերջինս այդպիսի երիտասարդներից չէր: Ի վերջո՝ գնացել են «6-րդ վարչություն», որտեղ ընդունել են դիմումն ու քննություն են սկսել:

Ըստ վկայի՝ Գևորգից իմացել է, որ նա Կարենին է տվել բնակարանի գնորդի տված «բեհը»՝ հազար դոլար, հետո տվել է 13 հազար դոլար, գնորդը բանկում փակել է նաև վարկային պարտավորությունները՝ մոտ 16 հազար դոլարի չափով: Գնորդը պարտք է մնացել մոտ 7 հազար դոլար:

«Ինձ համար հաճելի չէր Գևորգի հետ խոսելը… Իրա հետ զրուցելու միակ տեղը կարող էր լինել ոստիկանությունը»,- ասաց վկան:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը հայտարարեց. «Ես Կարեն Վարդանյանին մատով չեմ դիպել, ոչ էլ կապ ունեմ… Ես չեմ ուզում, որ գործի քննությունը հետաձգվի, իմ ժամանակից է գնում, ուզում եմ՝ ինչքան հնարավոր է շտապ քննվի»:

Դատական նիստը հետաձգվեց՝ քաղաքապետարանում աշխատող վկայի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

 

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում