«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:
– Պարոն Կարախանյան, եթե փորձենք Մոսկվայում Սերժ Սարգսյանի՝ ՄՄ–ին միանալու որոշման հրապարակման հուզական արձագանքներից դուրս գալ, ապա ի՞նչ էր տեղի ունեցածը, և ինչի՞ արդյունք էր սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
– Շատ մեկնաբանություններ եղան տարբեր գործոնների մասին, որոնցից ոչ մեկի ազդեցությունը չի կարելի ժխտել, դրանք այս պարագայում աշխատել են միասնաբար: Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում առանց այդ բոլոր տարրերի՝ նման որոշում չէր կարող լինել: Բայց ես կցանկանամ ասել հետևյալը. ի սկզբանե անհասկանալի էր ՀՀ իշխանությունների՝ ինքնագլուխ որոշումներ կայացնելու փաստը: Իշխանական բուրգի մաս կազմող մի խումբ անձինք սկսեցին ինքնագլուխ վայրիվերումներ անել, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ՝ այն դեպքում, երբ անընդհատ իրենց հորդորում էին տնտեսական հաշվարկներ կատարել: Իմ կարծիքով` որոշումը պետք է կայացվեր լուրջ տնտեսագետների միջոցով, անհրաժեշտ էր և՛ ՌԴ-ում, և՛ Հայաստանում, և՛ Եվրոպայում կազմակերպել քննարկումների եռակողմ կլոր սեղան, որի ընթացքում Հայաստանը պազ տեքստով կխոսեր իր հավակնությունների և այն մասին, թե ինչ է ակնկալում Եվրոպայից, Ռուսաստանից:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ռուսական իշխանության որոշ ներկայացուցիչներ հենց եվրոչինովնիկների հետ ուղղակի կապի միջոցով պարզեցին Հայաստանի հավակնությունների և ծրագրերի, Ասոցացման համաձայնագրի պայմանավորվածության մասին, հետո ՀՀ իշխանություններին կանչեցին, Ռուսաստանում ճնշում գործադրեցին, ասացին, որ շուտով էս կանեն… շուկաների պաշտպանություն, վիզային ռեժիմ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կխորացում և այլն, և այլն: Սակայն այդ խոսակցությունները չպետք է լինեին, ու ամեն ինչ այս մոդելով չպետք է ընթանար, այդ արդյունքը այսկերպ չպետք է լիներ, թեև իրականում արդյունք էլ չկա՝ միայն դեկլարացիա է: Այսօրվա դրությամբ կրկին նույն բանը շարունակվում է` Սերժ Սարգսյանը իր իշխանական բուրգի մի խումբ անձանց հետ նույն քաղաքականությունն է շարունակում, այժմ էլ ուզում են սողանցք գտնել, որ կրկին մի բան անեն, որպեսզի երկու կողմերն էլ գոհ մնան: Այդ հայտարարությունից հետո հիմա էլ դրանով են սկսել զբաղվել: Քաղաքականություն գոյություն ունի, բայց ՀՀ իշխանությունները ինչ անում են, դարձրել են տրամաբանությունից դուրս մի աբսուրդ:
Նրանք առաջին հերթին վախեցան Արևմուտքից, թե թավշյա հեղափոխություն կանեն, ուստի պայմանավորվեցին: Հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը՝ քաղաքական տիկնիկը, ասացին իշխանությունը կտան ընդդիմությանը և պայմանավորվեցին, կանխեցին թավշյա հեղափոխությունը և սկսեցին եվրոպացիներից փող խնդրել և պահանջել, որ Եվրոպան պաշտպանի որոշ ճնշումներից, թեև նման բան չկար: Դա ավարտվեց, բայց պետական անվտանգության հարցերը պետք է ի սկզբանե դնեին: Մարդիկ չեն հասկանում նույնիսկ, թե ուր է կորել այդ ազգային անվտանգության կոնցեպցիան, կա՞ արդյոք այն Հայաստանում, թե՞ ոչ: ՀԱՊԿ մի փաստաթուղթ կա, բայց այդ ամենը կասկածելի է: Այդ կոնյունկտուրիզմը` վատ տեսակետներով, ոչ մի լավ բանի չի բերում, այլ բերում է երկկողմ անվստահություն: Այն ուժն ու կարողությունը չունեին, որ դիմադրեին այն առաջարկներին ու հարցերին, որն իրենց առջև Ռուսաստանն էր դնում, բայց այդ ամենից հետո էլ շարունակում են, ուզում են ձև գտնել՝ դեմքը պահպանելու, քանի որ եվրոպական քաղաքականության առանձին ուղղությունը Ռուսաստանից հետխորհրդային նոր գոտիներ պոկելն է: Բոլորն ինչ-որ կերպ վաղ թե ուշ ասոցացվում են, բայց պահպանում են պետականության դեմքը:
Ոչ մի հարցում` սկսած թուրքական արձանագրություններից, տնտեսական, քրեաօլիգարխիկ բուրգից, նորմալ վիճակում չէ, ընդհանուր համակարգը խայտառակ վիճակում է, դարձյալ նույն խաղերն են Եվրոպայի հետ: Հայաստանը պետք է բաց գործեր Ռուսաստանի հետ, և այդ դեպքում կողմերից որևէ մեկը չէր նեղանա: Այդ դեպքում կհասկանային, որ ՀՀ իշխանություններն ընտրված են-չընտրված են՝ պահում են իրենց դեմքը՝ ուղղված ազգային պետականության շահերին, ոչ թե, ինչպես միշտ, ճարպկություններ են անում: Սա է ողջ դժբախտությունը:
– Պարոն Կարախանյան, Դուք փաստորեն չեք առարկում, որ եղել են ճնշումներ, իսկ դրա առարկան ո՞րն է եղել:
– Կոնկրետ ճնշում չի եղել: Ելնելով այսօրվա քաղաքական իրավիճակից` Հայաստանին ասել են` ուր ուզում եք, գնացեք: Հայաստանը խաբեությամբ է փորձում Եվրոպա գնալ` Ռուսաստանին մի բան է ասել, Եվրոպային` այլ բան, որի մասին եվրոչինովնիկներից իմանալով՝ ռուսներն ասել են, թե այդ քայլերն ինչի են հանգեցնելու: Սա ճնշում չէ, այլ արտաքին քաղաքականություն. Ռուսաստանն իր շահերն է պաշտպանում, իսկ Հայաստանը չպետք է խաբեր երկու կողմերին:
– Ինչպե՞ս կանդրադառնա ՄՄ–ին միանալու որոշումը հայաստանյան ներքաղաքական դաշտի վրա, կլինե՞ն արդյոք որոշակի տրանսֆորմացիաներ, ընդդիմության դիրքորոշումը ո՞րը պետք է լինի:
– Խոսակցությունները, թե այսուհետ ՀՀ իշխանությունները ռուսամետ են համարվում, սխալ են, նրանք այդպիսին չեն համարվում: Նրանք սուպերգործողությունների արդյունքում հայտնվեցին տխուր իրավիճակում և ընկալվում են որպես աթոռամետ` ամեն ինչի պատրաստ խմբավորում:
Ընդդիմությունը ճիշտ էր իր դիրքորոշման մեջ: Եվ ԲՀԿ-ն, և ՀԱԿ-ը, այո, բացահայտ քննարկումներ չէին կատարում, քանի որ ծանոթ չէին փաստաթղթերի բովանդակությանը, ուստի լռելով և պահանջելով այդ քննարկումները՝ շատ ավելի պետական շահի տեսակետից էին հանդես գալիս:
Չեմ կարծում, թե փոփոխություններ կլինեն, քանի որ սա դեռ դեկլարացիա է, պարզ չէ՝ էպոպեան ինչով կավարտվի: ՀՀ իշխանությունները պատմության մեջ կմտնեն դեկլարացիաների և իմիտացիաների իշխանություն անվամբ: Ասում են՝ ՄՄ-ին են միանում, որից հետո դիվանագետները շարունակում են խոսակցությունը, ուզում են թուղթ ստորագրել: Պարզ չէ, թե այս իրավիճակը ինչով կավարտվի:
– Բացառո՞ւմ եք արդյոք, որ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, որոնց ընդունված է համարել ռուսամետ ուժեր, և որոնք նախկինում եղել են իշխանական կոալիցիայի կազմում, վերադառնան կոալիցիա. չէ՞ որ այդ երկու ուժերի կոալիցիայից դուրս գալը տարբեր շրջաններում համընկավ ՀՀ իշխանությունների արևմտամետ քայլերի հետ:
– Եթե այս իրավիճակում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մտնեն կոալիցիա, կվերանան: Եթե ՀՅԴ-ն պաշտոններ է ստանում, չի նշանակում, թե կոալիցիոն սրբագրումներ կլինեն: Ես դա չեմ պատկերացնում: Այդ դեպքում նրանք կվերանան, բայց նման բան չի լինի:







































