Արաբական 6 ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Կատար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը և Լիբիան խզել են հարաբերություններն այդ պետության հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Չվերթները Կատարի մայրաքաղաք Դոհա չեղարկել են Emirates-ը, Etihad Airways-ը և Flydubai-ը (ԱՄԷ), Saudia-ն (Սաուդյան Արաբիա), Gulf Air-ը (Բահրեյն) և Egypt Air-ը (Եգիպտոս):
Հաղորդվում է նաև, որ Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել թռիչքները Սաուդյան Արաբիա:
Երկուշաբթի ավելի վաղ հաղորդվում էր, որ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են 5 պետություն: Նրանք նաև դադարեցրել են օդային և ջրային հաղորդակցությունն այդ երկրի հետ:
Դոհային մեղադրել են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և այլ երկրներում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար: Կատարի ԱԳՆ-ն այս միջոցառումներն անվանել է չարդարացված և հերքել է երկրի հասցեին ներկայացված մեղադրանքները:











































