Մոսկվայի «Արարատի» նորեկ, Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն life.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի «Արարատ» տեղափոխությանը, դրա պատճառներին և խոսել ապագայի մասին:
«Արարատը» թիմ է, որը խաղալու է Մոսկվայում և ես հենց այդպիսի տարբերակ էի փնտրում: Պրեմիեր լիգայում մնալու հնարավորություն կար և նույնիսկ Եվրոպայից էին զանգահարում, բայց ես ցանկանում էի տուն վերադառնալ: Ես Եկատերինբուրգից հեռացա, որպեսզի ընտանիքիս հետ Մոսկվայում լինեմ: Կարևոր չէր` Պրեմիեր լիգայում կխաղամ, երկրորդ դիվիզիոնում…»,- ասել է Պավլյուչենկոն:
Հարցին, իրեն չի՞ անհանգստացնում այն փաստը, որ «Սպարտակի» և «Տոտենհեմի» նման թոփ-ակումբներից հետո տեղափոխվել է թիմ, որը 2 ամսից մի փոքր ավել ժամանակ է ինչ գոյություն ունի, 35-ամյա ֆուտբոլիստը ասել է. «Ես 25 տարեկան չեմ և ինձ արդեն ոչինչ չի վախեցնում: Կարևոր չէ, որ սա երկրորդ լիգա է, որ թիմը դեռ երիտասարդ է և ինչ-որ մարդկանց կարծիքը նույնպես կարևոր չէ: Դա իմ որոշումն է և ես չեմ ափսոսում, որ ընտրել եմ հենց «Արարատը»: Այստեղ ես ֆուտբոլ կխաղամ, թիմին օգուտ կտամ և հաճույք կստանամ: Կարծում եմ, 1-2 ամիսը բավարար կլինի, որպեսզի մեկ ընտանիք դառնանք «Արարատում», իսկ ես շփվող մարդ եմ: Չեմ կարծում, որ իմ ուղղությամբ ծուռ հայացքներ կլինեն: Ավելի շուտ, թիմակիցներս ինչ-որ բաներ կսովորեն ինձնից: Ես այդպես եմ արել, երբ երիտասարդ ֆուտբոլիստ էի: 17 տարեկանում հայտնվեցի վարպետների թիմում, նայեցի աստղերի խաղին և ձգտեցի անել նույնը, ինչ նրանք: Բայց, հուսով եմ, Արարատում հարգանքով կվերաբերվեն ինձ»:
Հարցին՝ կարելի՞ է երկրորդ լիգա տեղափոխությունը որպես պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու քայլ դիտարկել, Պավլյուչենկոն ընդգծել է, որ կարիերան ավարտելը և տանը նստելը սխալ է: «Պետք է սովորել և ավարտել մարզիչների բարձրագույն դպրոցը: Դա անկասկած չի խանգարի: Բայց առայժմ դժվար է ինչ-որ հստակ բան ասել: Կարևորը, որ առողջություն լինի: «Արարատի» հետ ես 1 տարվա պայմանագիր եմ ստորագրել և, եթե ամեն ինչ լավ դասավորվի, կերկարաձգեմ պայմանագիրս»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ պատրաստվու՞մ է արդյոք հայերեն սովորել՝ Պավլյուչենկոն նշել է, որ մի քանի բառ կսովորի, որպեսզի երջանկացնի երկրպագուներին:









































