Հայաստանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով շնորհավորական ուղերձների շքերթը: Հունիսի 1-ը նրանց համար իրար հետ ճարտարախոսության մեջ մրցակցելու հերթական առիթն է, ինչպես տոնական կամ հիշատակի բոլոր առիթները: Կասկած չկա, որ տեքստերը մեկը մյուսից տպավորիչ և հուզիչ են ստացվում: Բացառություն չեն լինելու նաև հունիսմեկյան ուղերձները:
Բայց, մասնավորապես, դրանք երեխաների պաշտպանության օրվա առիթով լինելով՝ իրականում դառնում են երեխաների հանդեպ կեղծիքի օրվա ուղերձներ: Կեղծիք, որ բխում է գրեթե մեկ իսկ բառից՝ շնորհավորում եմ: Ի՞նչն եք շնորհավորում, հարգելի պաշտոնյաներ:
Շնորհավորանքների և սրտառուչ տեքստերի փոխարեն՝ գուցե հունիսի 1-ին պատասխանեք մի պարզ հարցի՝ որտե՞ղ են Հայաստանում տասնյակ կամ հարյուր հազարավոր երեխաների հայրերը, ինչո՞ւ նրանք կա՛մ տարիներ շարունակ, կա՛մ տարվա ընթացքում ամիսներ շարունակ իրենց երեխաների կողքին չեն: Որովհետև նրանք չեն կարող լինել երեխաների կողքին միաժամանակ և ապահովել երեխաների քիչ թե շատ սոցիալապես պաշտպանված մանկությունը: Այդ մանկությունը սոցիալապես պաշտպանելու համար նրանք ստիպված են այն հոգեբանական տեսանկյունից դարձնել անպաշտպան՝ երկարատև բացակայությամբ երեխաներին թողնելով առանց հայրերի, ստիպելով նրանց կարոտել, նաև վերապրել հոր երկարատև բացակայության մնացյալ հոգեբանական ազդեցության հետևանքները:
Խոսքը հարյուրների մասին չէ, ոչ էլ հազարների: Խոսքը տասնյակ և հարյուր հազարների մասին է: Բայց կարևոր չէ՝ եթե անգամ տասը կամ նույնիսկ մեկ երեխայի մասին է: Կարևորը պատճառն է, թե ինչո՞ւ է հայրը ստիպված թողնել իր երեխային ամիսներ կամ տարիներ շարունակ: Ստիպված է, որովհետև չունի իր երեխային կերակրելու հնարավորություն՝ նրա կողքին գտնվելով, նրան հոգեբանական հետևանքների չենթարկելով:
Եվ եթե այդպիսի հայրերի թիվը մեկն է, միևնույն է, պատճառն արդեն իսկ բավական է, այսպես կոչված, իշխանության սրտառուչ տեքստերը պարզապես բանալ կեղծիքի վերածելու համար: Որովհետև այդ պատճառն առաջացել է իշխանության բանալ ոչ կոմպետենտության, անպատասխանատվության, ապապետականության և դրա հետևանքով անարդյունավետ ու անարդարացի կառավարման պատճառով, տնտեսական և հանրային ռեսուրսները հանրային բարեկեցության աղբյուր դարձնելու փոխարեն՝ սեփական հարստության անհատակ հորի վերածած լինելու պատճառով:
Հունիսի 1-ի, այսպես ասած, պաշտոնական ուղերձները պետք է պարունակեն երկու բան՝ ներողություն երեխաներին և պատասխան հարցին՝ ո՞ւր են նրանց հայրերը, ինչո՞ւ նրանց կողքին չեն այսօր:




































