ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սառեցնել Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխումը ևս կես տարով։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Նրա աղբյուրների տեղեկություններով՝ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է օգտվել վետոյի իրավունքից, ինչը թույլ կտա թողնել դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվում։ Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքը հավանության էր արժանացվել ԱՄՆ Կոնգրեսի անդամների կողմից դեռևս 1995 թվականին։
Սակայն, ձգտելով խուսափել քայլերից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած դեմոկրատ Բիլ Քինթոնը, օգտվելով իր լիազորություններից, սկսել է հետաձգել օրենքի՝ ուժի մեջ մտնելը։ Նույն քաղաքականությունը պահպանել է Քլինթոնին փոխարինելու եկած հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերը։
Վերջին անգամ դեսպանատան տեղափոխման վետոն կես տարով երկարացվել է 2016 թվականի վերջին Բարաք Օբամայի կողմից։ Այժմ, NBC-ի տվյալներով, նույնը պատրաստվում է անել ԱՄՆ նոր նախագահը։ Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը դեռևս վերջնական որոշում չի ընդունել այդ հարցով։ Նախագահական մրցապայքարի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում կարող է դիտարկել դեսպանատան տեղափոխման հարցը։









































