ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը, որը հաստատում է՝ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում իրականում կիրառվել են թունավոր զարին գազով մարտագլխիկներ, թույլ կտա պարզել դրա կիրառման մեղավորներին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ղեկավար Քեթրին Էշթոնը:
«Այդ ինդիկատորները թույլ կտան պարզել մեղավորներին»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
Էշթոնն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ ծրագրին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին կրկին կոչ է արել առանց հապաղելու բանաձև ընդունել, որը ուղի կբացի Սիրիայում քիմիական զենքի շուտափույթ ոչնչացման համար:
«Ես միջազգային բոլոր գործընկերներին կոչ եմ անում օգտվել պահից՝ հակամարտության քաղաքական կարգավորման ավելի լայն համաձայնություն ձեռք բերելու և սիրիացի ժողովրդի տանջանքներին վերջ դնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:











































