Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի լուսանկար էր հայտնվել, որից պարզ էր դառնում, թե ինչպես են հորդառատ անձրևի ժամանակ Հրազդան քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարում: Հրազդանի քաղաքապետը, սակայն, ոչ մի արտառոց բան չի տեսնում դրանում: Նրա խոսքերով՝ ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում և Հրազդանում այս օրերին անձրևում է: «Հիմա մի ժամ անձրև է գալիս, կես ժամ արև է դուրս գալիս: Բայց ասեմ, որ ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներին անձրևը չի խանգարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Արամ Դանիելյանը:
![]()
Մեր դիտարկմանը՝ թե ինչպես կարող է անձրևը չխանգարել ասֆալտապատման աշխատանքներին, հաջորդ տարի դարձյալ ասֆալտապատելու անհրաժեշտություն չի՞ առաջանա արդյոք, քաղաքապետը նկատեց. «Ոչ, եթե գաք Հրազդան, մենք ցույց կտանք, թե ինչ տարածքներում է կատարվում ասֆալտապատման աշխատանքները: Համատարած ասֆալտապատում չենք անում, փոսալցումներ ենք անում, որին անձրևը չի խանգարում: Ջուրը մաքրվում, է, փչվում է կոմպրեսորներով, և նոր լցվում են փոսերը»:
Մեր դիտարկմանը՝ թե լուսանկարից պարզ է, որ փոսերը լցվում են թեժ անձրևի ժամանակ, Դանիելյանը պնդեց, որ անձրևը դրան չի խանգարում: «Օրվա ընթացքում մի ժամ գալիս, երկու ժամ կտրվում է, գործ չանե՞նք»,-նկատեց քաղաքապետը:
Վերջինից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր չէր հետաձգել հունիս ամիս ասֆալտապատումն ու փոսալցումը, եթե մայիսին անձրևում էր: «Ոչ, ճանապարհները շատ վատն էին, տեղեր կային, որ փոսերի պատճառով անանցանելի էին: Դրա համար որոշեցինք լցնել փոսերը»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ հունիսից կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են սկսելու: Հարցրինք՝ եթե դարձյալ անձրև լինի, շարունակելո՞ւ են աշխատանքները, սակայն քաղաքապետը բացասական պատասխան տվեց:
Արամ Դանիելյանը նշեց, որ Հրազդանի ճանապարհների փոսալցման ու կապիտալ ասֆալտապատման աշխատանքները կատարվում են քաղաքային բյուջեի հաշվին:









































